ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին

2016-08-31

 1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով:

 

Այնուհետև նախարարը  մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է  բերքահավաքի ընթացին:  

 

 Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում:  Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների փորձ ունի, Նոր Եդեսիայում ամենաշատ գյուղատնտեսական տարածքներն ունի`  շուրջ 15 հեկտար,  որտեղ  մշակում է ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, նուշ, կեռաս, նաև 2 հեկտար  խաղողի այգի ունի: Բերքն իրացնում է ինչպես վերամշակող գործարաններին հանձնելու միջոցով, այնպես էլ  օգտվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներից:

 

 Ֆերմերը զբաղվում է նաև անասնապահությամբ, մսամթերքը հանձնում է մայրաքաղաքում գործող խոշոր սուպերմարկետներից մեկին, որի հետ ունի պայմանագրային հարաբերություններ:  Աշոտ Բաղդասարյանը վստահ է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր է, եթե ինչպես հարկն է աշխատեն  և համարձակ ծրագրեր իրականացնեն:

 

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի խոսքով` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մարզի համար, և նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշների աճ է գրանցվել:

 

 «Արագածոտնի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 3100 հեկտար ավել հող է մշակվել, ինչը լուրջ ցուցանիշ է, և այս պահի դրությամբ մարզի մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի ավելի քան 80 տոկոսը: Աճի այս տեմպերն անհրաժեշտ է պահպանել, որպեսզի չմշակվող հողեր առհասարակ չունենանք: Մարզում բերքահավաքի եռուն շրջանն է, հացահատիկի 95 տոկոսն արդեն հավաքվել է , ընթացքի մեջ է պտղի` սալորի, դեղձի բերքահավաքը:  Այս տարածաշրջանում բավականին լավ արդյունքներ են սպասվում, կան պտղատեսակներ, որոնք նախորդ տարվա համեմատ  նույնիսկ առավել մեծ ծավալներ կապահովեն, դրանք են` սալորը, դեղձը, կեռասը…» ,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

 Նախարարի խոսքով` այս պահին նախարարության  ուշադրության կենտրոնում  բերքի իրացման` մասնավորապես խաղողի մթերմանն առնչվող հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել