ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում է ցորենի գները միջազգային բորսաներում

2016-08-09

no_pic5Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 730 մլն․ տոննա ցորեն (մոտ 230 մլն. հա տարածքից)։ Նշված ծավալի 67.7%-ը ապահովում են ԵՄ երկրները (21.6%), Չինաստանը (17.8%), Հնդկաստանը (12.2%), Ռուսաստանի Դաշնությունը (8.46%) և ԱՄՆ-ը (7.64%) միասին վերցրած։ Ցորենի բարձր ապահովվածության ցուցանիշներ ունեցող երկրներն իրենց արտադրանքի մի որոշ հատված՝ համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառում են ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։

 

Այդ բորսաներում սահմանված գները մի քանի պատճառներից ելնելով, յուրաքանչյուր տարի ձևավորվում են յուրովի։ Ինչպես Կովկասյան տարածաշրջանի, այնպես էլ բազմաթիվ երկրների ներպետական շուկաներում ցորենի գների ձևավորման վրա անմիջական ներազդեցություն ունեն ռուսաստանյան շուկաներում գործող գները:

 

Ստորև ներկայացված է ռուսաստանյան շուկայում (Ռուսաստանի Դաշնության հարավային հատված) 23-28% սոսնձայնությամբ պարենային ցորենի վաճառքի գների դինամիկան 2015թ. օգոստոս-2016թ. օգոստոս ժամանակահատվածում.

 

1coren

Ինչպես նկատելի է, նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ Ռուսաստանում 2016թ. օգոստոսին ցորենի մեծածախ գները մոտ 8%-ով անկում են ապրել։ Մասնագիտական որոշ կազմակերպությունների գնահատմամբ` ցորենի շուկայում գնանկումը պայմանավորված է 2016թ. սպասվող առատ բերքով: Ընդ որում, ակնկալվող առատ բերքը հիմնավորվում է 2 գործոններով.

 

1.    Ռուսաստանում ցորենի ցանքատարածությունների ծավալները 2016 թվականին 2%-ով գերազանցում են 2015 թվականի ծավալները:
2.    Ռուսաստանում 2016 թվականին ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ 1 հա-ի հաշվարկով ցորենի բարձր միջին բերքատվություն:

 

Համաձայն ՌԴ գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների` ընթացիկ տարում ակնկալվում է հացահատիկի առնվազն 104 մլն. տոննա բերք, ինչը 4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նշված ծավալի մեջ ցորենի մասնաբաժինը կազմելու է մոտ 60%, ինչը համադրելի է «Հացահատիկի միջազգային խորհրդի» կողմից հրապարակած կանխատեսումներին: Վերջինիս կանխատեսմամբ` 2016թ. ընթացքում Ռուսաստանում կարտադրվի 67.5 մլն. տոննա ցորեն, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

 

2015թ. օգոստոս-2016թ. օգոստոս ժամանակահատվածում ցորենի գնանկում է արձանագրվել նաև եվրոպական և ամերիկյան բորսաներում:
Եվրոպական (LIFFE և MATIF) և ամերիկյան (CBOT) բորսաներում 23-28% սոսնձայնությամբ ցորենի վաճառքի գների դինամիկան ներկայացված է ստորև.

դոլար/տոննա          

liffe

դոլար/տոննա             

matif           Աղբյուրը` http://kazakh-zerno.kz 

 

դոլար/տոննա         

cbot                                             

Վերը ներկայացված գծապատկերները հավաստում են, որ Լոնդոնի բորսայում մեկ տարվա կտրվածքով ցորենի գները մոտ 9%-ով, Փարիզի բորսայում մոտ 5%-ով, իսկ Չիկագոյի բորսայում մոտ 17%-ով անկում են ապրել։ Եվ չնայած այն հանգամանքին, որ 2016թ. կանխատեսվում է 2015թ. բերքի ծավալներին մոտ ցուցանիշ, մասնագետները բորսաներում ցորենի գնանկումը բացատրում են համաշխարհային անցողիկ պաշարների բարձր ապահովությամբ: Մասնավորապես, 2012-2016թթ. ցորենի համաշխարհային պաշարները բացառապես համալրվել են և ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր նիշի վրա:

 

Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքը կազմում է 76440 դրամ (1 ռուբլին = 7.28 դրամ), Լոնդոնի բորսայում՝ 79590 դրամ, Փարիզի բորսայում՝ 88540 դրամ, իսկ Չիկագոյի բորսայում` 72736 դրամ (1 դոլարը = 476.02 դրամ):

 

Հայաստանի Հանրապետությունում 1 տոննա ցորենի դիմաց մթերող կազմակերպությունները ներկայումս առաջարկում են 100000-120000 դրամ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

                    

 

Տպել