ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
2016-08-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Առափի համայնքի հնդկացորենի դաշտերում, որտեղ այսօր մեկնարկել է բերքահավաքը, հավաստիացել, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Համայնքում հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում: Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է նպաստել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությանը, ինչը թույլ կտա տեղական սպառողին ապահովել հայրենական մատչելի արտադրանքով:
Ընդհանուր առմամբ, ENPARD ծրագրով հանրապետության 6 մարզում մշակվում է 510 հեկտար հնդկացորեն, որից 240 հեկտարը` Շիրակի մարզում: Ընթացիկ տարում հնդկացորենի ցանքատարածություններից ակնկալվում է ստանալ հեկտարից միջինը 20-30 ցենտներ բերք:
Այնուհետև նախարարն այցելել է Գյումրիի սպանդանոց, որը ներկայումս վերակառուցման փուլում է: Ընդգծելով, որ սպանդանոցների կառուցումն այսօր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ դրանով իսկ հնարավոր կլինի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով` նախարարը պատրաստակամություն է հայտնել համապատասխան ներդրումների դեպքում աջակցություն ցուցաբերել սպանդանոցի` նորագույն տեխնոլոգիաներով վերազինման հարցում:
Լրագրողների հետ ճեպազրույում նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ թեև Շիրակի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ տարին մարզի համար բավականին բարենպաստ է, և հացահատիկի բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները: Նախարարի խոսքով, դրան նպաստել է մոտ 3350 հեկտարով հացահատիկի ցանքատարածությունների ավելացումը, ինչպես նաև բերքատվության բարձրացումը:
«Հացահատիկի, հատկապես ցորենի, արտադրության ծավալներով Շիրակի մարզը հանրապետության առաջատարն է` ապահովելով երկրի ողջ արտադրության 25 տոկոսից ավելին: Նախորդ տարի մարզում արտադրվել է մոտ 92600 տոննա ցորեն, մինչդեռ ընթացիկ տարում սպասվում է 6-7 հազար տոննա ավել բերք», – նշել է նախարարը:
Ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և հզորացման կարևորությունը` նախարարը նշել է, որ Շիրակի մարզում ENPARD ծրագրով արդեն ստեղծվել և գործում է 22, իսկ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) շրջանակում` 28 կոոպերատիվ:
Ապա նախարարն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ, շրջել և զրուցել կայանի գիտնականների ու աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում Սերգո Կարապետյանը հանձնարարել է հանրապետություն ներկրել տարեկանի սերմացուներ` տեղում ցանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև ավելացնել բարձրարժեք հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի արտադրության ծավալները:
Սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանն իր հերթին նշել է, որ այս տարի կայանի համախառն բերքի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները, ստացվել են 816 տոննա հացահատիկի բարձր էլիտային վերարտադրության սերմեր, որոնք հետագայում տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին: Նա նաև հավելել է, որ այս տարի կայանում բերքատվությունը կազմել է 60-ից մինչև 80 ցենտներ բերք յուրաքանչյուր հեկտարից, ինչն աննախադեպ է:
Նախարարի հաջորդ կանգառը Կառնուտ համայնքում էր, որտեղ նա դիտարկել է կարտոֆիլի ցանքերը ու տեղեկացել արձանագրված արդյունքների մասին: Կարտոֆիլի և ցորենի սերմացուի արտադրությամբ զբաղվող «Գաբոյան Մուշեղ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գաբոյանի խոսքով` այս տարի ընկերությունում մշակվել է մոտ 30 հեկտար ցորեն և 40 հեկտար կարտոֆիլ, նա նույնպես հավաստիացրել է, որ ընթացիկ տարին նպաստավոր է բերքի համար, բերքատվության բարձրացման նպատակով ընկերությունը յուրաքանչյուր տարի արտերկրից ձեռք է բերում նոր բարձր բերքատու սորտերի տնկանյութ: Նա նշել է նաև, որ այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունների մեկ հեկտարից միջինը 400 ցենտներ բերք է ստացել:
Այցելության վերջին կանգառը Բասեն համայնքում էր, որտեղ նախարարը եղել է արոտօգտագործողների կոոպերատիվում, ծանոթացել պետական աջակցության ծրագրով ստացված գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետությանն ու հնարավորություններին, զրուցել կոոպերատիվի անդամների հետ:
Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը նշել է, որ կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին, ունի 149 անդամ, և իր գործունեության 5 տարիների ընթացքում ունեցել է բավականին գոհացուցիչ ձեռքբերումներ: Այցի ընթացքում նախարարը հետևել է նաև կոոպերատիվի կողմից վերջերս շահագործման հանձնված լոլիկի ջերմոցում իրականացվող աշխատանքներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին