Գեղարքունիքում այս տարի հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր այցելել է մարզ

2016-08-22

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:

 

Նախարարի այցի առաջին կանգառը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ֆերմերներ Էդվարդ Նալբանդյանի և Աշոտ Գրիգորյանի տնտեսություններում:

 

Էդվարդ Նալբանդյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է շուրջ 15 տարի,  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններ ունի, արդեն երկրորդ  տարին  է  նաև ոլոռի մշակություն է իրականացնում: Այս տարվա բերքատվությունից գոհ է, իր խոսքով՝ և հացազգիները, և կարտոֆիլը  ռեկորդային բերք են ապահովելու: Սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրի շահառուներից է:

 

 Ֆերմերի գնահատմամբ՝ ծրագիրը հեղափոխական էր և լրջորեն բարելավեց  հանրապետությունում օգտագործվող սերմերի որակը, նպաստեց քանակական աճին, ուստի ցանկալի է, որ այն շարունակական լինի:

 

Ֆերմեր  Աշոտ Գրիգորյանը հիմնականում զբաղվում է հացահատիկի  և կարտոֆիլի մշակությամբ: Այս տարի շուրջ 100 հեկտար հացահատիկի ցանքս է կատարել և նախորդ տարվանից կրկնակի ավել բերք է ստացել: Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա կտրվածքով այս տարի աննախադեպ բերք են ակնկալում, ինչին նպաստել են թե բնակլիմայական պայմանները, թե կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Աշոտ Գրիգորյանը նշել է, որ  այս տարի իրենց մոտ հացահատիկի միջին բերքատվությունը 60-70ց/հա է, իսկ կարտոֆիլի բերքատվությունը նույնիսկ 100 տոկոսով է ավելացել, և միջին բերքատվությունը կազմում է 40-50 տոննա մեկ հեկտարից: Հացահատիկային մշակաբույսների սերմացուները ֆերմերը ձեռք է բերել պետական աջակցության ծրագրերի շրջանակում, կարտոֆիլի տնկանյութը ներկրվել է Գերմանիայից և Հոլանդիայից: Ֆերմերի խոսքով՝ ավանդական մշակաբույսերից բացի իրենք նաև զբաղվում են ոլոռի, սիսեռի մշակությամբ, քանի որ դրանք կարողանում են ավելի  շահավետ գնով իրացնել:  

 

Այնուհետև նախարար ուղևորվել է Սոթք համայնք, որտեղ հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին:

 

 Սոթքի ֆերմերներից Հակոբ Ավետյանն այս տարի շուրջ 100 հեկտար տարածքի վրա կարտոֆիլ է ցանել, ակնկալում է բարձր բերք ստանալ՝ 40-50 տոննա մեկ հեկտարից: Իրացման խնդիրներ չունի, որովհետև շուկայում բերքն իր տեղն  ունի բարձր որակի շնորհիվ: Տնկանյութը բարձրորակ է, ներկրում են  արտերկրից:

 

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարար Կարապետյանը գոհունակություն է հայտնել Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում  ընթացիկ տարում սպասվող արդյունքներից:

 

«Գեղարքունիքի մարզը  մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Այս տարի էականորեն ավելացել են  մարզի կարտոֆիլի ցանքատարածությունները և միջին բերքատվությունը, այս պահին հացահատիկի բերքահավաքը շուրջ 65 տոկոսով կատարված է,  տնտեսություններ ունենք, որտեղ մեկ հեկտարից մինչև իսկ 80 ցենտներ բերք են ստանում, իսկ միջին ցուցանիշն  այս մարզում 40 ց/հա-ից պակաս չի լինի»,- նշել է նախարարը:

 

Նախարարը հավելել է, որ  լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև անասնապահության ճյուղում, միայն խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով, մանր եղջերավորներինը և խոզերինը համապատասխանաբար 4.2 և 19 տոկոսով, ինչին մեծապես նպաստել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և  մրցունակության» ծրագիրը:  Ծրագրի երկու փուլերում ընդգրվել են մարզի շուրջ 39 համայնքներ, մինչև 2020թ. նախատեսվում է ծրագրի իրականացումն ապահովել լրացուցիչ ևս մի քանի համայնքում: Ծրագրի շրջանակում մասնավորապես ջրարբիացվել են հեռագնա լեռնային արոտավայրերը, ինչի շնորհիվ էականորեն ավելացել են անասնապահության ճյուղում զբաղված գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել