Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները

2016-08-09

Makaryan1Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանման ընթացիկ ցուցանիշները:

 

Փոխնախարարը տեղեկացրել է, որ արտահանման գործընթացում առկա խնդիրների և վերամշակող ընկերությունների կողմից 2015 թվականին մթերված խաղողի և կաթի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների ընթացքի քննարկման նպատակով 2016 թվականի մարտի 3-ին և 11-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կազմակերպվել են խորհրդակցություններ հանրապետության խաղող և կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նմանատիպ խորհրդակցություն է կազմակերպվել նաև ՀՀ վարչապետի մոտ 2016 թվականի մայիսի 23-ին՝ հանրապետության խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Նա նաև նշել է, որ պտուղբանջարեղենի մթերումների և արտահանումների կազմակերպման և այդ գործընթացում առկա խնդիրների քննարկման նպատակով 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կազմակերպվել է խորհրդակցություն հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացի այդ, գյուղատնտեսական արտադրանքի մթերումների և արտահանումների գործընթացներում առկա խնդիրները քննարկվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունների ընթացքում:

 

Բացի այդ, իրականացվել է պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների ու արտահանումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգ:

 

«Ընթացիկ տարում պտուղբանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 71282.0 տոննա բանջարեղեն, որից՝ 47780.0 տոննա լոլիկ, 26808.0 տոննա պտուղ, որից՝ 6472.0 տոննա խնձոր, 5334.0 տոննա դեղձ, 7640.0 տոննա ծիրան և 7362.0 տոննա այլ պտուղ», – նշել է նախարարի տեղակալը:

 

Ռոբերտ Մակարյանը նաև հավելել է, որ վերամշակող ընկերությունների կողմից պտուղբանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 34.0 հազար տոննայով (35 տոկոսով) գերազանցել է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես` 17.0 հազ. տոննայով լոլիկի, 1.0 հազ. տոննայով ծիրանի, 1.6 հազ. տոննայով դեղձի և 3.7 հազար տոննայով խնձորի ծավալները:

 

Անդրադառնալով մթերմանն առնչվող խնդիրներին` փոխնախարարը նշել է, որ համաձայն հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից հավաքագրված, ամփոփված և ՀՀ գյուղատնտեսության նախարարին ներկայացված տեղեկատվության` սույն թվականի օգոստոսի 9-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 1972.0 տոննա բանջարեղեն, որից՝ 1075.0 տոննա լոլիկ և 10224.0 տոննա պտուղ, որից՝ 6455.0 տոննա ծիրան, 1036.0 տոննա հատապտուղ:

 

Ասուլիսի ընփացքում փոխնախարարն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա արտահանման ցուցանիշներին, նշելով, որ 2016 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85326.0 տոննա պտուղբանջարեղեն, մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49827.0 տոննա պտուղբանջարեղեն: Այսօրվա դրությամբ թարմ պտուղբանջարեղենի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակը գերազանցում են ավելի քան 35.5 հազար տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ:

 

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից խաղողագործու­թյան և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:

 

Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման աջակցության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2011 թվականից մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքների վարչական տարածքներում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի կազմակերպվում են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ:

 

2016 թվականի հունիսի 11-ից Կասյան փողոցի վերին հատվածում, իսկ հուիսի 23-ից «Մալիբու» սրճարանի հարևանությամբ վերսկսվել են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել