ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

2016-08-25

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:

 

Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և  հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են իրենց համայնքը, ստացված պտուղը լավ ապրանքային տեսք ունի, գրեթե ամբողջությամբ արտահանվում է, հիմնականում` Ռուսաստանի Դաշնություն, հողատերը սալորն արտահանող ընկերություններին անմիջապես այգուց հանձնում է 130 դրամով` վճարումը ստանալով կանխիկ: Մյուս պտղատեսակների իրացման հարցում նույնպես խնդիրներ չեն ունեցել: Ֆերմեր Խաչատուր Կարապետյանն այս տարի շուրջ 15 տոննա բերքի ակնկալիք ունի,  իրացման խնդիրներ չի ունեցել, ընդհանուր առմամբ բերքից գոհ է. գրեթե նույն քանակով սալոր էլ նախորդ տարի էր ստացել:

 

Նախարարի այցելության վերջին կանգառը «Նոյյան» գործարանում էր, որտեղ ծանոթացել է լոլիկի մթերման ընթացքին: Նախարարը տնօրեն Էդիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, հետևել աշխատանքների ընթացքին:

 

«Այս պահի դրությամբ հանրապետությունում արդեն իսկ շուրջ 10 000 տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 500 տոննայով ավել է:  Այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում «Արտաշատի պահածոների գործարանը» և Արմավիրի «Նոյյան» գործարանը: Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը: Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները, և բերքի մեծ մասը գյուղացիները հանձնել են արտահանողներին, ինչպես նաև ներքին շուկայում են սպառումը կազմակերպել»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

 

Նախարարը հավելել է, որ Արմավիրի մարզում այս տարի ընդհանուր առմամբ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, պտղի բավականին լավ բերք է ստացվել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են  մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը:

 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ իրենց հիմնական խնդիրն է բերքի իրացման գործում գյուղացիներին օգտակար լինելը,  արտահանման նոր շուկաներ գտնելը, ինչի ուղղությամբ մշտական աշխատանքներ են իրականացվում: Մարզպետը մասնավորապես նշել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ Վոլոգդա մարզից, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի գործարաններից մեկի հետ Արմավիրի մարզից արտահանումներ կազմակերպելու հարցում:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել