Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը

2016-07-23

1Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է  գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

 

Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011 թվականից:

 

Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին  առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից  արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ և որակյալ գյուղմթերք:

 

Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավարներ կան, մասնակցում են  հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսություններ:

 

Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաև Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ  այս տարի օրական սպառվել  է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք: 

 

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում և Կասյան փողոցում կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:

 

Տոնավաճառները  գործում են շաբաթ և կիրակի օրերին:

 

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է:  Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) և ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

 

Առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

 

Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:

 

Երևանի քաղաքապետարանը իր հերթին աջակցում է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

Տպել