ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը
2016-07-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ պարոն Մոհամմադ Էմամի Ամինը: Հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:
Այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում:
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին տեղեկացրել են, որ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կազմակերպմամբ:
Արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով:
Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնություններին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին