ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային

2016-07-20

_2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:

 

Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել Ջիմ Կոստային հայանպաստ գործունեության համար: Այնուհետև համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Այս համատեքստում նախարարը ընդգծել է  հատկապես ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ամերիկյան այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության հիմքերը դրվել են Հայաստանի անկախացումից ի վեր, այս ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերվել մեր երկրի տնտեսության, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: ԱՄՆ կառույցները մեծ օժանդակություն են տրամադրել հատկապես գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, վերամշակող ճյուղի զարգացման և այլ ուղղություններով», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ ամերիկյան կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրեր այսօր ևս ընթացքի մեջ են:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտի առաջնային խնդիրներին, որոնց թվում նախարարը հատկապես կարևորել է կենդանիների համարակալման ու հաշվառման իրականացման, հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվներին նորագույն գյուղտեխնիկայով ապահովման անհրաժեշտությունը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ջիմ Կոստան նշել է, որ իր այցի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություների քննարկումն է: Հետագա աջակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով պարոն Կոստան առաջարկել է մինչև այցի ավարտը պատրաստել և ներկայացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ցանկ:

 

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը Ջիմ Կոստային խնդրել է փոխանցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի քարտուղարի տեղակալին` Հայաստան այցելելու հրավերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել