Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն

2016-06-16

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:

 

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում:

 

«Անասնաբուժությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է, որը վերջին տարիներին զարգացում է ապրում նաև Տավուշի մարզում: Ոլորտի զարգացմանն էապես նպաստել է նաև մարզում իրականացվող CARMAC ծրագիրը, որի երկու փուլերի ընթացքում մարզից ընդգրկվել է 25 համայնք: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել հեռագնա արոտների ջրարբիացման ուղղությամբ, ստեղծվել են 25 կոոպերատիվներ, որոնք վերազինվել են նոր գյուղտեխնիկայով, այդ թվում` շուրջ 21 անիվավոր տրակտորներով», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Սերգո Կարապետյանը նաև նշել է, որ CARMAC 2 ծրագրում, որի երկրորդ փուլը շարունակվելու է մինչև 2019 թվականը, նախատեսվել է ընդգրկել 100 համայնք, սակայն ինչպես և առաջին ծրագրի դեպքում ակնկալվում է նախատեսվածից ավելի շատ շահառուներ ունենալ:

 

«Արդյունքում` մեր լեռնային արոտավայրերի շուրջ 40 տոկոսը կջրարբիացվի, և մեր գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տարվա մեջ 6-7 ամիս իրենց կենդանիներին ամառային արոտավայրերում պահելու, ինչը մեծ նշանակություն ունի կերի բազայի ստեղծման համար: Բացի այդ, տրամադրված գյուղտեխնիկայի շնորհիվ նաև մսուրային շրջանում հնարավորություն կլինի կենդանիներին անասնակերով ապահովելու», – ընդգծել է նախարարը:

 

CARMAC ծրագրով անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ են հիմվել նաև Արագածոտնի Արտաշավան, Սյունիքի Խնձորեսկ և Գեղարքունիքի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն այս տարի կհիմնվի Շիրակի մարզի Փանիկ համայնքում, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

CARMAC 2 ծրագրով, որը մեկնարկել է 2016 թվականից, նախատեսվում է հիմնել ևս չորս նմանատիպ կենտրոն: Ծրագրի շրջանակում կենտրոններն ապահովվում են անասնաբուժության և արհեստական սերմնավորման սարքավորումներով, անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:
Կենտրոնները նախատեսված են խթանելու անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ապահովելու ֆերմերային տնտեսություններին որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով:

 

Ընդհանուր առմամբ, ներկա պահին տարբեր միջազգային ծրագրերով հանրապետությունում կառուցվել է 15 սպասարկման կենտրոն:
Այնուհետև նախարարն այցելել է Տավուշ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել   տեղի կոոպերատիվի անդամների հետ: Կոոպերատիվում ընդգրկված են 67 ֆերմերային տնտեսություններ: Նախագահ Արթուր Գյուրջինյանը  տեղեկացրել է, որ  կոոպերատիվի գործունեությունը 2015 թվականին նախապատրաստական փուլում էր, իսկ ընթացիկ տարում այն արդեն սկսել է գործել: Գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է համապատասխան գյուղտեխնիկա:

 

Անդրադառնալով կոոպերատիվների շարժման կարևորությանը` նախարարը շեշտել է, որ համատեղ աշխատանքը թույլ կտա թեթևացնել գյուղացիների հոգսերը և մեծ արդյունավետություն կապահովի, իսկ պետության կողմից կոոպերատիվներին կտրամադրվի համապատասխան օժանդակություն: Մասնավորապես, կոոպերատիվներին ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ CARMAC 2 ծրագրի միջոցներով կտրամադրվի անհրաժեշտ գյուղտեխնիկա: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ այս աջակցությունը զգալիորեն կնպաստի երկրում անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել