Հունիսի 11-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
2016-06-06
Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:
«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվելու են վրաններ, վաճառասեղաններ, սայլակներ և կշեռքներ», – նշել է փոխնախարարը:
Անդրադառնալով տոնավաճառին մասնակցելու ընթացակարգերին` փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Ամփոփելով նախորդ տարվա տոնավաճառների արդյունքները` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, 2015 թվականին Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 63, իսկ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում` 51 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն: Տոնավաճառների այցելուների թիվը օրական միջինում կազմել է մոտ 5-6 հազար, մանրածախ գները ընդհանուր շուկայական գներից շուրջ 10-20 տոկոս առավել մատչելի են: Փոխնախարարը շեշտեց, որ վաճառքն իրականացվում է նախարարության կողմից տրամադրվող կշեռքներով, որոնք ստուգաչափված են և թերակշռումները բացառվում են:
Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին