ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել

2016-06-09

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել , որին մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին, տեղակալներ Սամվել Գալստյանին և Գառնիկ Պետրոսյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 

«Համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում որոշում է կայացվել կրճատել երեք փոխնախարարի հաստիք: Սա իհարկե շատ դժվար որոշում էր, մենք շուրջ 6 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել, դրանք շատ կարևոր տարիներ էին, որոնց ընթացքում գյուղատնտեսության ոլորտում համատեղ աշխատանքի շնորհիվ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը: 

 

Նախարարը հավելել է, որ երեք փոխնախարարներն էլ իրենց գործի գիտակ, բարձրակարգ մասնագետներ են, ովքեր տասնյակ տարիների ընթացքում կարևոր ներդրում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, և կրճատման փաստը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական կարողությունների հետ: 

 

Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն են հայտնել նախարարին և նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ կշարունակեն իրենց փորձառությունն ու գիտելիքները ներդնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Սերգո Կարապետյանը Գառնիկ Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ Գրիշա Բաղիյանին և Սամվել Գալստյանին` պատվոգրերով (նախկինում վերջիններս արդեն իսկ արժանացել են ոսկե մեդալների): 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել