ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
2016-06-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով ՊԳԿ հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի, իսկ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Անդրադառնալով ՊԳԿ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին` այդ թվում` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում», «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընրանքային օգտագործումը Հայաստանում», «Ազգային բուսասանիտարական հսկողության ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի չորս երկրներում» և այլ ծրագրերին` նախարարն ընդգծել է համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը:
«ՊԳԿ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերը մեծապես նպաստել են մեր երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև պարենային ապահովության և անվտանգության ապահովմանը: Սակայն ագրարային ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ուստի հետագա համագործակցության ուղիները մշակելիս հարկավոր է առաջնահերթություն տալ այն ծրագրերին, որոնք կնպաստեն այդ խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացման հարցում առկա խոչընդոտների հաղթահարմանը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ինտենսիվ այգիների ստեղծման, փոքր արտադրությունների կազմակերպման, սառնարանային տնտեսությունների և չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
Միաժամանակ նախարար Սերգո Կարապետյանը շեշտել է նորաստեղծ կոոպերատիվների ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակ 2016-2020 թթ.» փաստաթղթի նախագծին, որը նախատեսվում է ստորագրել պարոն Ջեհլեի ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող այցի ընթացքում:
Պարոն Ռայմունդ Յելեն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և ՊԳԿ փոխգործակցության ներկա վիճակը և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված խնդիրները և իր կողմից հնարավորինս աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին