ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղբանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին

2016-06-17

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը և մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրները:

 

«Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել: Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:

 

Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նախարարը հորդորել է արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել ակտիվ քայլեր ձեռնարկել արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ:

 

Ընդգծելով, որ վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային և կարևորագույն ճյուղերից մեկն է` նախարարը նաև հորդորել է ընկերություններին մթերման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն համագործակցել գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես պայմանագրեր կնքել, ինչը հնարավորություն կտա մթերման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված, առանց խոչընդոտների և վճարումները կատարել առանց ուշացումների:  

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացավ ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել հնչեցրած խնդիրները:
 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել