Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ

2016-05-25

1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ:

 

Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը:

 

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև բնակիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, մթերումների կազմակերպմանը, համայնքների ենթակառուցվածքներին և այլ խնդիրների:

 

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք

 

 

 

 

 

Տպել