ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արցախ
2016-05-09
ՀՀ կառավարության պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 8-ին առաջնագիծ այցից հետո երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳՆ ղեկավարության հետ: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում շոշափվել են համագործակցության և երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հարցեր: Հանդիպման ընթացքում ԼՂՀ գործընկերները կարևորել են այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է եղել Արցախի իր գործընկերների հետ՝ ձգտելով գտնել առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները:
«Մենք ձեր կողքին ենք լինելու միշտ և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել»,-նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ Արցախի իրենց գործընկերներին ՀՀ գյուղնախարարության մասնագետները կաջակցեն նաև գյուղոլորտի մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և անձամբ Սերգո Կարապետյանի կողմից ցուցաբերված նյութական օժանդակության համար, որը կուղղվի պատերազմի հարուցած դժվարությունների հաղթահարմանը: Երկու նախարարները գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ հույս հայտնելով, որ այն հետագայում ավելի կխորանա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին