ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2016-05-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ: Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել է նաև բելառուսական արտադրության նոր տրակտոր, շարքացան, կուլտիվատոր և այլ գյուղտեխնիկա, ինչն էապես կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկանալով, որ կոոպերատիվի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 470 գլուխ, նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կդառնա ոչ միայն ավելացնել կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել մթերատվությունն ու կաթնատվությունը:
Նշելով, որ ներկայումս կոոպերատիվի կազմում ընդգրկված է համայնքի 104 գյուղացիական տնտեսություն` կոոպերատիվի նախագահ Աղասի Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ կոոպերատիվի գործունեության արդյունավետության դեպքում այն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով:
Ընդհանուր առմամբ, Լոռու մարզից CARMAC ծրագրի երկու փուլերում ընդգրկվել է մարզի 14 համայնք, որոնցում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, համայնքների մի մասում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները, տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա:
Այնուհետև նախարարն ուղևորվել է «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ` արտադրության տեխնոլոգիաներին ու իրականացվող նոր ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը շրջել է ֆաբրիկայում, ծանոթացել ընկերության գործունեությանը: 2015 թվականին ընկերությունում արտադրվել է շուրջ 600 տոննա թռչնամիս, իսկ 2016 թվականի 4 ամիսներին՝ 180 տոննա: Թռչնամսի արտադրության ծավալներն առաջիկայում նախատեսվում է հասցնել 2400 տոննայի: Ընկերության ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել ևս 4 թռչնանոց։
Այցի շրջանակում նախարարը մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Հողերի և ջրերի հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի պաշտոնական բացմանը, որին ներկա էր նաև ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Լաբորատորիան համալրված է անհրաժեշտ սարքավորումներով և նախատեսված է հողի ու ջրի տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար:
Աշխատանքային այցն ամփոփվել է մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությամբ:
Իր ելույթում գոհունակություն հայտնելով նախորդ տարվա արդյունքներից` նախարարը նշել է, որ Լոռու մարզը 2015 թվականին բավականին տպավորիչ արդյունքներ է գրանցել` շուրջ 10-11 տոկոս տնտեսական աճ գյուղատնտեսության ոլորտում: Առաջընթացն ակնհայտ է մշակվող վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման տեսանկյունից, և այժմ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 75 տոկոս: Մարզում արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի աճ, ընդ որում 40.4 %-ով ավելացել է խոզերի գլխաքանակը:
«Այս տարի մարզում նախատեսվում է մշակել լրացուցիչ 2090 հեկտար հող, ուստի 2016 թվականին մեր ակնկալիքները Լոռու մարզից ավելին են լինելու: Մարզն արդեն 5 տարի շարունակ օգտվում է հանրապետությունում իրականացվող պետական օժանդակության ծրագրերից, պարարտանյութերի, սերմնացուների և դիզվառելիքի պահանջարկն ամբողջությամբ բավարարված է, սուբսիդավորվող վարկերի տրամադրման գործընթացն ընթացքի մեջ է», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Խորհրդակցությանը ներկա մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին գյուղատնտեսության բնագավառում գրանցված ձեռքբերումներին մեծապես նպաստել են պետության կողմից իրականացվող ծրագրերը և գյուղատնտեսության նախարարության համակողմանի աջակցությունը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Վանաձորի և Մեծավանի ֆերմերներ Սերյոժա Վարդանյանը և Արմինե Միրզոյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին