ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ
2016-05-25
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2015 թվականին նույնպես շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը:
2015 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել էր 10 մլրդ 899.1 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են`
-սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 8 մլրդ 616.8 մլն դրամ,
-վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 513.2 մլն դրամ,
-ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրերի իրականացմանն է ուղղվել 1 մլրդ 769.1 մլն դրամ:
2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրիլիոն 2.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 11.7 %-ով:
2015 թվականի երկրի ՀՆԱ-ի 3.0 % հավելաճի նպաստման 2.4 տոկոսային կետը (80.0 %-ը) բաժին է ընկել գյուղատնտեսությանը:
Ըստ ճյուղերի հակիրճ անդրադառնամ կատարված հիմնական աշխատանքներին:
Բուսաբուծություն
Բուսաբուծության ճյուղում 2015 թ. համախառն արտադրանքի աճը կազմել է 15.2 %: Ցանքատարածությունները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը 5.7 %-ով և կազմել 351.8 հազ. հա, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հասել է 78.8 %-ի` 2015թ. 74.4 %-ի դիմաց:
Բուսաբուծության ճյուղում գրանցված դրական տեղաշարժերն արդյունք են իրականացված պետական աջակցության ծրագրերի, որոնցից հիմնականներն են՝
«ՀՀ 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը (654.8 մլն դրամ): Վերջինիս շրջանակներում ՌԴ-ից հանրապետություն է ներկրվել 1013.8 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 59.2 տոննա առվույտի, 247.8 տոննա կորնգանի և 5.3 տոննա եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողից գնվել է 120 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու: Սերմացուի 1 կիլոգրամը հողօգտագործողներին հատկացվել է ձեռք բերված արժեքից 35-50 % ցածր գնով։
2016 թվականին սպասվող բերքի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ «ՀՀ 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը (860.9 մլն դրամ), որի շրջանակներում, 2014 թվականին ծրագրում ընդգրկված շահառուներից հետ է վերադարձվել 505.2 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, ինչպես նաև «Գյումրիի սելեկցիոն կայանից» և շահառուներից ձեռք է բերվել ևս 2243.4 տոննա, իսկ Ռուսաստանի Դաշնությունից գնվել է 1509 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու (ընդամենը 4257.6 տոննա): Սերմացուն ՀՀ մարզպետարաններից ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով մատչելի պայմաններով տրամադրվել է մինչև 3 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողներին։ Բարձր վերարտադրության սերմացուի արտադրության համար ՌԴ-ից գնվել է 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու և հատկացվել 7 և ավելի հեկտար ջրովի վարելահող ունեցող սերմարտադրողներին:
- «Հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիր:
Տարեկան ճշտված բյուջեն կազմել է 2 մլրդ 661.6 մլն և փաստացի ծախսը 2 մլրդ 631.5 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել 33.3 հազ. տոննա ազոտական, 1648.4 տոննա ֆոսֆորական և 564.8 տոննա կալիումական պարարտանյութեր: Պարարտանյութերը վաճառվել են շուկայականից 40-50 %-ով ցածր գներով: 2015 թվականի ընթացքում բաշխվել են նաև 2014 թվականի աշնանը չբաշխված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը: Հաշվետու տարվա ընթացքում մարզերում իրացվել են շուրջ 32.7 հազ. տոննա ազոտական, 2361 տոննա ֆոսֆորական, 857 տոննա կալիումական պարարտանյութեր: Ամբողջությամբ բավարարվել է մարզերի պահանջարկը:
- «Հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիր:
Նախատեսված է եղել 1 մլրդ 260.6 մլն դրամ, սակայն ճշտված բյուջեով գումար չի հատկացվել: Այն իրականացվել է նախորդ տարվա դիզելային վառելանյութի մնացորդի հաշվին:
Ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում շուկայականից որոշակիորեն ցածր գներով մարզերում իրացվել է 3.2 մլն լիտր դիզելային վառելանյութ՝ 1 լիտրը 350 դրամ արժեքով (ներառյալ տեղափոխման ծախսերը):
- <<Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումների>> ծրագիր
Ճշտված բյուջեն և փաստացի ծախսը կազմել է 58.9 մլն դրամ:
Իրականացվել են հետևյալ միջոցառումները` սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննություններ, սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ և փաստաթղթավորում, բույսերի նոր սորտերի տեղեկագրերի և գրանցամատյանների հրապարակումներ, ինչպես նաև բույսերի նոր սորտերի դաշտային փորձարկումներ: 2015 թվականի ընթացքում ստուգվել է գյուղատնտեսական մշակաբույսերի 15.9 հազ. տոննա սերմ, որից հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի՝ 9.0 հազ. տոննա:
- <<Բույսերի պաշտպանության միջոցառումների>> ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 150 մլն դրամ, իսկ ֆինանսավորումը` 89.2 մլն դրամ:
Ծրագիրը կարևորվում է հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման առումով: Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման համար 2015 թվականին ձեռք է բերվել 7900 կգ վնասատուների դեմ պայքարի միջոց (ռոտենդիցիտ)` 70.3 մլն դրամ արժեքով, և ծրագրով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
ՀՀ մարզպետարաններին անհատույց հատկացվել է 2000 կգ պաշտպանության միջոց, որով պայքարի միջոցառումներ են իրականացվել 25.0 հազ. հեկտար վնասատուներով առավել վարակված վարելահողերում և բազմամյա տնկարկներում:
2015 թվականի գարնանը «օկնոգինա» վնասատուի դեմ քիմիական պայքար է իրականացվել ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի 8 համայնքներում` շուրջ 404 հեկտարի վրա, որի համար համայնքներին անհատույց հատկացվել է 2014 թվականին ձեռքբերված «Կռալ» բույսերի պաշտպանության միջոց` 97 լիտր:
ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 407-Ն որոշմամբ 2015 թվականի «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրում կատարվել է փոփոխություն, և ծրագրի միջոցներից 18.9 մլն դրամ տրամադրվել է «Հայաստանի Հանրապետությունում լոլիկի ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով 2015 թվականի պետական աջակցության» ծրագրին: Նշված գումարով ՌԴ-ից ձեռք են բերել 3300 ֆերոմոնային թակարդներ և օժանդակ նյութեր: Թակարդները տեղադրվել են հանրապետության 254 համայնքների ավելի քան 10 հազ. հեկտար մորմազգի մշակաբույսերի մասիվ տարածքներում` մոնիթորինգ իրականացնելու նպատակով:
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսասանիտարական վիճակ։
- <<Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների>> ծրագիր
Ճշտված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 70.2 մլն դրամ:
Ծրագրով ավելի քան 86 հազ. հա հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: 171 համայնքների հանձնվել են ագրոքիմիական քարտեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, 720 նմուշ պարարտանյութերի համար կատարվել է ավելի քան 3600 փորձաքննություն:
Մշակված ագրոքիմիական քարտեզների և պարարտացման երաշխավորագրերի օգտագործումը հնարավորություն է տալիս կոնկրետ պայմաններին և ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան կիրառել պարարտացում:
Անասնաբուծություն
Անասնաբուծության ճյուղում 2015 թ. գրանցվել է 6.1 % տնտեսական աճ: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի 1.9, մանր եղջերավորների` 4.3, խոզերի՝ 22.8 % աճ:
- <<Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում>> ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 1 մլրդ 188.6 մլն դրամ, իսկ ֆինանսավորումը` 1 մլրդ 162.2 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխարգելիչ 8.5 մլն միջոցառում: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների նկատմամբ իրականացվել են 2 (բրուցելյոզ և տուբերկուլյոզ) ախտորոշիչ և 9 (սիբիրախտ, պաստերելյոզ, դաբաղ, խշխշան պալար, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ, մեղուների վարրոատոզ, բրուցելյոզ, տուբերկուլյոզ) կանխարգելիչ միջոցառումներ:
Կատարված միջոցառումների արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:
- <<Տավարաբուծության զարգացման ծրագիր>> (791.1 մլն դրամ): 2015 թվականին ծրագրի շրջանակներում Ավստրիայի Հանրապետությունից ներկրվել են 257 գլուխ հոլշտին և շվից ցեղերի տոհմային երինջներ, որոնք հատկացվել են թվով 12 տնտեսավարող սուբյեկտի: Երինջների երկրորդ խմբաքանակից (453 գլուխ) 2016 թվականին ներկրվել է 255-ը:
Մի շարք ընկերություններում ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 7-8 հազար կգ կաթ, որը 3-4 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:
Անասնաբուծության զարագացման համար առանձնակի կարևորվում են <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> վարկային(առաջին և երկրորդ) ծրագրերը:
2015 թվականին պետական բյուջեից, որպես համաֆինանսավորում, ճշտված բյուջեով նախատեսվել է 513.2 մլն դրամ, փաստացի ծախսվել է 428.2 մլն դրամ (ծրագրի ընդհանուր ներդրումները հաշվետու տարում կազմել են 2 մլրդ 464.8 մլն դրամ):
Ծրագրի առանցքային դրույթներից է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և դրանց գործունեությանը նպաստելու միջոցով մրցունակ անասնապահության զարգացման համար կարևոր նախադրյալ հանդիսացող բնական կերահանդակների, մասնավորապես, արոտների համակարգված օգտագործման, դաշտային կերարտադրության կառուցվածքի բարելավման և ընդլայնման ապահովումը, անասնապահական մթերքների արտադրողից մինչև սպառող շղթայի օղակներում ներկայումս առկա խնդիրների համակարգված լուծումը, արդյունքում` անասնապահության ճյուղում ծախսերի կրճատումը, առավել բարձր ավելացված արժեքի ստացումը և անասնապահական տնտեսությունների եկամուտների ավելացումը:
Մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերի Համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ բաղադրիչի շրջանակներում 2011 թվականից ի վեր ՀՀ 8 մարզի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց ձոր, Սյունիք) 136 համայնքում կատարվել են հետևյալ աշխատանքները.
- 133 համայնքում հիմնադրվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ,
- 97 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 835 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 189 անիվավոր տրակտոր:
- 80 համայնքում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներն ավարտվել են (կառուցվել է 189 կմ ջրագիծ, տեղակայվել է 244 հատ խմոց), իսկ 11 համայնքում` գտնվում են իրականացման փուլում (42 կմ ջրագիծ, 29 հատ խմոց),
- 55 համայնքի շուրջ 218 հա արոտներում ավարտվել են դեգրադացված տարածքների վերականգնողական աշխատանքները, իսկ 24 համայնքում իրականացվում է գյուղամերձ դեգրադացված արոտների ուսումնասիրություն:
Ծրագրի իրականացման արդյունքում գրանցվել են հետևյալ ցուցանիշները`
- կաթնատվության ավելացում շուրջ 26.3 %, քաշաճի ավելացում շուրջ 18.0 %:
Վարկային ծրագիրը շարունակվում է։
Գյուղատնտեսությունում վարկերի մատչելիության բարձրացմանն է ուղղված <<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման>> ծրագիրը:
Ճշտված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 163.0 մլն դրամ:
2011 թվականից մեկնարկած այս ծրագրով Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվում են մատչելի տոկոսադրույքով (14 %) վարկեր, և սկսած 2015 թվականից սուբսիդավորվում է տոկոսադրույքի 6 տոկոսային կետը: Ծրագրի մեկնարկից մինչև 2016 թվականի առաջին եռամսյակի ավարտը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 85.3 մլրդ դրամ ընդհանուր գումարով, շուրջ 100.3 հազ. միավոր վարկ, սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 3 մլրդ 816.3 մլն դրամ: Միայն 2015 թվականին տրամադրվել է 15.2 մլրդ դրամի, 21.4 հազ. միավոր վարկ:
2011-2015 թվականներին և ընթացիկ տարվա անցած ամիսներին գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերն արդյունք են նաև մատչելի վարկային ներդրումների։
<<Գյուղական խորհրդատվական ծառայություններ>> ծրագիր:
Ճշտված պետական բյուջեն և փաստացի ծախսերը կազմել են 395.7 մլն դրամ:
Հատկացված գումարների հաշվին խորհրդատվական ծառայություններ մատուցող ԳԱՄԿ-երի և ԳԱՀԿ-ի կողմից կազմակերպվել են շուրջ 1100 սեմինար, 850 դաշտային ուսուցում և 150 փորձացուցադրական աշխատանքներ, լրատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում, 94 ռադիոհեռուստահաղորդում, 447 անուն տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում՝ 128 հազ. տպաքանակով, 156 համար թերթերի թողարկում՝ 207.5 հազ. տպաքանակով:
Հատկացված բյուջետային միջոցների 83.4 %-ը կամ 330.1 մլն դրամն աշխատավարձի ֆոնդն է:
- <<Անտառապահպանական ծառայությունների>>ծրագիր:
Ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 201.2 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 344.2 հազ. հեկտար անտառային տարածքների պահպանություն: Պետական բյուջեով նախատեսված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են անտառային տնտեսության աշխատողների աշխատավարձի ապահովմանը:
2015թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից սեփական եկամուտների հաշվին իրականացվել են անտառմշակույթների հիմնադրում՝ 14.0 հա, լրացում՝ 73 հա և խնամք՝ 124 հա տարածքի վրա: 100 հա տարածքում իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ:
«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրով «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացվել են 61.2 հա տարածքի անտառապատման և 37.2 հա լրացման աշխատանքներ:
- <<Անտառային պետականմ ոնիտորինգի իրականացման>> ծրագիր
Ֆինանսավորումը կազմել է 54.6 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում իրականացվել են անտառների պահպանության, անտառպաշտպանության, հատատեղերի, հակահրդեհային, կլոր անտառանյութի մթերման և իրականացման կանոնակարգի ուղղությամբ ուսումնասիրություններ և դիտարկումներ` շուրջ 370 հազ. հեկտար անտառներում: Արձանագրվել է ընդհանուր թվով 466 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր: Ներդրված հեռահար զոնդավորման ծրագրային համակարգի միջոցով վերծանվել են անտառածածկ տարածքների փոփոխությունների ուսումնասիրությունները:
Եզրափակելով հարկ եմ համարում նշել, որ ՀՀ պետական բյուջեով նախարարության համար նախատեսված արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներն ամբողջությամբ կատարվել են: ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցներից պետական գնումների մասով տնտեսվել է 135.8 մլն դրամ:
Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջիկայում բյուջետային և այլ ծրագրերի իրականացմամբ իրենց աստիճանական լուծումներն են պահանջում:
Շնորհակալություն: