ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

2016-04-13

1234ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները:  

 

Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հոլանդական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

 

«Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, հիմնվել են մի շարք համատեղ ձեռնարկություններ, իրականացվել են ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր,սակայն երկկողմ համագործակցության ողջ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում, անհրաժեշտ է խորացնել երկկողմ հարաբերությունները` հաշվի առնելով Նիդերլանդների փորձը գյուղատնեսության ոլորտում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Ընդգծելով, որ երկու երկրների միջև հաջող և արդյունավետ համագործակցություն է ձևավորվել հատկապես սերմնաբուծության, անասնապահության, ջերմոցաշինության և ձկնաբուծության ոլրտներում, նախարարը կարևորել է փոխգործակցությունը նաև այլ ոլորտներում: Որպես օրինակ մատնանշելով մասնավորապես թռչնաբուծության ոլորտը` նախարարը առաջարկել է հյուրին ուսումնասիրել համատեղ ընկերություն հիմնելու հնարավորությունը:

 

Կարևորելով Հայաստանում կոոպերատիվների դերն ու նշանակությունը և տեղեկացնելով, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով հիմքեր են ստեղծվել մեր երկրում կոոպերացիայի զարգացման համար` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հոլանդիայի հարուստ փորձն այս խնդրում կարող է չափազանց օգտակար լինել հայկական կողմի համար:

 

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ավելի խորը ուսումնասիրել առաջիկա համագործակցության հնարավոր ուղիները և դրանց հիման վրա հետագայում մշակել համապատասխան ծրագրեր:

 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել