ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

2016-04-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել  Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր:

 

 Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

 

«Շիրակի մարզը 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում արձանագրել է բավականաչափ բարձր ցուցանիշներ, և հանրապետությունում այս առումով լավագույններից է:  Հատկանշական է առաջընթացը վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման,  միջին բերքատվության ավելացման առումով: Անցյալ տարի մարզում 3750 հա ավել հող է մշակվել, և վարելահողերի օգտագործման մակարդակը կազմել է շուրջ 86 տոկոս, ինչը նույնիսկ ավելի բարձր է հանրապետական միջին ցուցանիշից: Անասնապահության ոլորտում գրանցված արդյունքները նույնպես գոհացուցիչ են», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով ավանդաբար առաջատար համարվող մարզը վերջին տարիներին մշտապես բերքատվության բարձր ցուցանիշներ է ապահովում: Այսպես` 2015 թվականին  այստեղ ցորենի բերքատվությունը կազմել է  34,9 ց/հա, 7 տոկոսով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները և 28 տոկոսով` համախառն բերքը: Նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ դրական դինամիկան առաջիկա տարիներին կպահպանվի, քանի որ 1000 հա ավել աշնանացան է կատարվել նախորդ տարվա համեմատ։

 

Մարզը կարևոր դերակատարում ունի սերմնաբուծության և կարտոֆիլագործության զարգացման առումով, որտեղ նույնպես առկա են բարձր արդյունքներ:  Նախարարը հավելել է, որ վերջին տարիներին նախարարությունը բացի Գյումրու սելեկցիոն կայանից, որը պետական հաստատություն է և սահմանափակ ռեսուրսներ ունի, համագործակցություն է ծավալում նաև մասնավոր տնտեսությունների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հանրապետությունում սերմարտադրությունը զարգացնելու նպատակով արտերկրից ներկրվել են էլիտային և սուպերէլիտային սերմացուներ և վերարտադրություն կազմակերպելու նպատակով տրամադրվել այդ տնտեսություններին, ինչը դրական արդյունքներ է ապահովել:

 

  Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին: Ըստ այդմ` ծրագրի  առաջին փուլում մարզում նախատեսված 8 համայնքների փոխարեն խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ են կատարվել ևս 8 համայնքում:  Կառուցվել է 68 կմ ջրագիծ և 48 խմոց,  արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 87 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 19 անիվավոր տրակտոր:  Երկրորդ ծրագրում ընդգծված են 4 համայնքներ, սակայն նախարարի հավաստմամբ դրանց քանակը կրկնապատկելու և նույնիսկ եռապատկելու հնարավորություն կա:

 

Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

 

«Մեր առջև խնդիր ենք դրել խթանել հանրապետությունում կոոպերատիվների շարժումը, ինչը կավելացնի գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կհեշտացի աշխատանքները, այս ուղղությամբ նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության ծրագրեր իրականացնում: Նախատեսում ենք ընթացիկ տարում ստեղծել թվով 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում»,- նշել է նախարար Կարապետյանը:

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ֆերմերների կողմից բարձրացված գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի:

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել  Հոռոմ  և Բենիամին համայնքների ֆերմերներ  Սեդրակ Գասպարյանը  և  Անդրանիկ Խաչատրյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

 

 Այնուհետև նախարարն ուղևորվել է «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանը: Ընկերությունը  զբաղվում է պանրի և այլ կաթնամթերքի  արտադրությամբ, իրացումը կազմակերպվում է ներքին շուկայում: Ընկերության սեփականատեր Դավիթ Կարապետյանի խոսքով` նախատեսում են ընթացիկ տարում շուրջ 30 տոկոսով ավելացնել սեփական արտադրանքի ծավալները: Ընկերությունը տոհմային երինջների ներկրման պետական ծրագրի շահառուներից է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության օժանդակությամբ ձեռք են բերել 92 գլուխ հոլշտին և շվից ցեղատեսակի հոլանդական երինջներ: Ծրագրից գոհ են, կենդանիները բարձր կաթնատվություն են ապահովում՝ մեկ կովը տարեկան  6000 լիտր կաթ է տալիս, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ 10, 000 լիտր: Այս պահին մթերվող կաթի շուրջ 60 տոկոսն ապահովում են սեփական արտադրանքի հաշվին:

 

Նախարար Սերգո Կարապետյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագրի շրջանակում տարեկան 200-400 գլուխ բարձր մթերատու կենդանիներ են ներկրվում հանրապետություն, ինչը բարձր արդյունքներ է ապահովում և հնարավորություն է տալիս տեղում կազմակերպել կենդանիների վերարտադրությունը: Նախարարը Շիրակի անասնապահությամբ զբաղվողների համար ևս մեկ կարևոր լուր է հայտնել` եկող տարի մարզում ժամանակակից սպանդանոց կկառուցվի:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել