Հայտարարություն

2016-04-25

no_pic5ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է դիմումներ ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

 

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն):

 

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) նախարարությունից:

 

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

-Դիմում Խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է/.

- Կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը.

- Շահագրգիռ անձի, կազմակերպության լիազորված անձի անձնագրի պատճենը,

- Ամփոփ տեղեկանք  վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ /2-4 էջի սահմաններում/.

-Հետաքրքվածության նամակ /1-2 էջի սահմաններում/.

-Հակիրճ վերլուծություն վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ ԳՆ գործունեության և գյուղատնտեսության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ /4-5 էջ/,

- Իրենց նախընտրությամբ`  այլ լրացուցիչ փաստաթղթեր, հրապարակումներ և այլն:

 

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին:

 

Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները և անձինք մինչև ս.թ. մայիսի 3-ը ներառյալ  հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի քարտուղարություն (ք. Երևան, Կառավարական տուն 3) աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից մինչև 17:00-ն (ընդմիջում` 13:00-14:00):

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 52 15 24 հեռախոսահամարով:

Տպել