ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից

2016-03-01

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը:

 

Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը,  համայնքապետեր, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ֆերմերներ:

 

Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` նախարարը գոհունակությամբ նշել է, որ սկսած 2011 թվականից, երբ հանրապետությունում մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագիրը, հատկապես անասնապահության ոլորտում  մարզում գրանցվել է զգալի առաջընթաց:

 

Նախարարի խոսքով` հատկանշական է սահմանամերձ Տավուշում նախորդ տարի գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված առաջընթացը, մասնավորապես  2015 թվականին մարզում շուրջ 1000 հեկտար լրացուցիչ ցանքս է կատարվել,  և շուրջ 750 հեկտարով ավել աշնանացան:

 

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին փուլում  Տավուշի մարզից  նախատեսված 10 համայնքի փոխարեն ընդգրկվել է 13-ը, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել (կառուցվել են 7,5 կիլոմետր ջրագծեր, 29 խմոցներ են տեղադրվել, համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա): Սերգո Կարապետյանը  շեշտել է, որ երկրորդ ծրագրի հիմնական նպատակը լինելու է արժեշղթաների զարգացումը, փոքր արտադրամասերի հիմնումը, վերամշակման արտադրամասերի ու սառնարանային փոքր տնտեսությունների ստեղծումը, ինչպես նաև չորանոցների կառուցումը:

 

«CARMAC 2 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկվել է 12 համայնք: Համոզված եմ, որ այս ծրագրով մեզ կհաջողվի մեծացնել մարզում անասնապահության ոլորտի արտադրության ծավալներն և ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Կշարունակվեն պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրերը: Առաջիկայում կսկսվի նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրումը.  դրանք գյուղացիական տնտեսություններին այս տարի  մոտ մեկ ամիս շուտ կտրամադրվեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական տարին ավելի վաղ է սկսվել: Մեր առաջնահերթ խնդիրն է մնում կոոպերատիվների շարժման խթանումը», – նշել է նախարարը: Միաժամանակ նա հավելել է, որ ներկայումս առաջնային խնդիրներից է գյուղմթերքի իրացման խնդիրների լուծումը և շուկաների հասանելիությունը:

 

Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. համայնքներին հատկացվել են 420 տոննա ազոտական  և 5-ական տոննա ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր, ինչպես նաև 400 հազար լիտր դիզելային վառելիք:  Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, 2015 թ. Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է շուրջ 23,5 հազար մ3 վառելափայտ:

 

Նիստի ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար Նորաշեն և Վերին Ծաղկավան համայնքների ղեկավարներ Գոռ Աբրահամյանն ու Արթուր Ղազարյանը պարգևատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ ոլորտի մի շարք աշխատակիցներ` պատվոգրերով:

 

Նախարարի հաջորդ կանգառը Սարիգյուղ համայնք էր, որտեղ նա այցելել է  97 անդամներից բաղկացած արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ: Հանդիպման ընթացքում նախարարը զրուցել է նրանց հետ, ծանոթացել կոոպերատիվի գործունեությանը: Ընդգծելով, որ CARMAC 2 ծրագրի թիրախային ուղղություններից մեկը գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացումն է` նախարարը վստահություն է հայտնել, որ այն մեծապես կնպաստի  կոոպերատիվների և գյուղացիական միավորումների զարգացմանն ու ընդլայնմանը: 

 

Այնուհետև նախարարն այցելել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ համայնք, որտեղ նույնպես հանդիպում է ունենցել տեղի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի անդամների հետ:  Կողբի կոոպերատիվը բաղկացած է 71 անդամից, CARMAC ծրագրի շրջանակում ձեռք են բերել  4 միավոր գյուղտեխնիկա,  որի շնորհիվ վերջին շրջանում բարձր արդյունքների են հասել:

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կոոպերատիվի նախորդ տարվա ձեռքբերումներին ու բացթողումներին, քննարկվել են առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

 

 

Տպել