ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության պատվիրակությանը
2016-03-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահներ Մանուել Վալդեսին և Անտոնիո Լուկեին` գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:
Հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 2015 թվականի հունվարին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության միջև, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կառուցել 5 հա ջերմոցային տնտեսություն, իսկ հարակից տարածքում՝ հիմնել ինտենսիվ այգիներ:
«Ջերմոցային տնտեսությունների կառուցումն ու ինտենսիվ այգիների հիմնումը մեր երկրի գյուղատնտեսության գերակա խնդիրներից են, և համոզված եմ, որ ձեր ընկերության հաջող փորձն արտասահմանյան այլ ընկերություններին վառ օրինակ կծառայի Հայաստանում հաստատվելու և ակտիվ գործունեության ծավալելու համար», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով մեր երկրում հիմնվող ինտենսիվ այգիների պահպանման համար ոռոգման նորագույն տեխնոլոգիաների ներդրման և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի կարևորությանը` նախարարն առաջարկել է տեղում կազմակերպել հակակարկտային և ոռոգման համակարգերի արտադրությունը, ինչը թույլ կտա նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը և արտադրվող պաշտպանիչ միջոցներն արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ, որտեղ նույնպես նորագույն տեխնոլոգիաների ներդրման պահանջարկ կա:
Հյուրերը այս առիթով նաև հավելել են, որ այժմ բանակցություններ են ընթանում իսպանական առևտրային բանկերի հետ՝ ցածր տոկոսադրույքներով և երկարաժամկետ վարկեր ձեռք բերելու նպատակով նախատեսվող ծրագրերը ֆինանսավորելու համար:
Հաշվի առնելով Իսպանիայի հարուստ փորձը գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և զարգացման գործում` ընկերության փոխնախագահ Մանուել Վալդեսն իր հերթին առաջարկել է այս ոլորտը նույնպես ներառել երկկողմ համագործակցության շրջանակի մեջ: Այս համատեքստում նա մասնավորապես առաջարկել է կազմակերպել համատեղ ուսումնական այցեր փորձի փոխանակման նպատակով: Ողջունելով այս առաջարկը՝ նախարար Կարապետյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցելությունները կլինեն արդյունավետ և փոխշահավետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին