ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությանը

2016-03-07

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  նախ շնորհավորել է կանանց գալիք մարտի 8-ի առթիվ` մաղթելով նրանց առողջություն, երկար տարիների կյանք և հետագա հաջողություններ:

 

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա  ոլորտներից է, որտեղ մեծ դերակատարություն ունեն նաև կանայք. Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են, որոնք ներգրավված են ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ իմ կարծիքով`  հատկապես նրանց հոգատար աշխատանքով է պայմանավորված մեր հայրենական գյուղմթերքի բարձր համային և որակական հատկանիշները», –  նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Իր խոսքում անդրադառնալով նաև կոոպերատիվների դերին գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման գործում՝ նախարարը, հատկապես ընդգծել է կանանց կոոպերատիվների կարևորությունը, որոնք ունենալով փոքր հզորություններ, մեծ արդյունք են տալիս ոլորտում:

 

Նախարարի խոսքով` կոոպերատիվների շարժումը մեր երկրում նոր թափ է ստացել, այս պահին առկա են գործող 272 կոոպերատիվներ, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում և կարևոր է, որպեսզի այդ արդյունքը տեսանելի լինի բոլորի համար, և նրանց փորձը կիրառելով` մյուս գյուղացիական տնտեսությունները նույնպես համոզվեն` կոոպերատիվներին անդամագրումն բերելու է եկամուտների ավելացման:

 

Մրցանակաբաշխությունը անց է կացվում ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի և ձեռքբերումների՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում:

 

Միջոցառման ընթացքում մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանքը, կազմակերպվել է նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտես՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից: 

 

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անց է կացվում 2011 թվականից: Միջոցառման նպատակն է խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սնուցման անվտանգությանը: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը:

 

Միջոցառման ավարտին լավագույն արտադրողներին նախարար Սերգո Կարապետյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Այնուհետև նախարարը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերևի բաժին

 

 

 

Տպել