ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը

2016-03-22

1 (1)ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ`  գարնան գյուղատնտեսական  աշխատանքների նախապատրաստման ընթացքին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Այցի սկզբին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մարզի գյուղատնտեսության ներկա վիճակն, առաջիկա խնդիրները և իրականացվող ծրագրերը:

 

«Կոտայքի մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին գրանցվել են լուրջ ձեռքբերումներ, մասնավորապես, հունվարի 1-ի դրությամբ ավելացել է անասնագլխաքանակը, խոշոր եղջերավոր կենդանիներինը` 1,7 տոկոսով, մանր եղջերավոր կենդանիներինը` մոտ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 41 տոկոսով: Մարզն արդեն ընդգրկվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի մեջ, և ես հուսով եմ, որ այս քայլով անասնապահության զարգացումը նոր թափ կստանա», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Ընդգծելով, որ Կոտայքի մարզից ծրագրի մեջ ընդգրկվել են 10 համայնքներ` նախարարը տեղեկացրել է, որ դրանցից 8-ում արդեն ստեղծվել են արոտօգտագործողների կոոպերատիվներ: Միաժամանակ վստահություն է հայտնել, որ այլ համայնքներ նույնպես ցանկություն կհայտնեն ընդգրկվել  ՀԳՌԿՄ ծրագրում:

 

Նշելով, որ նախորդ տարիներին Կոտայքի մարզի հողային ռեսուրսները բավականին վատ էին օգտագործվում` նախարարը գոհունակությամբ հավելել է, որ 2015 թվականին առաջին անգամ մարզում շուրջ 1000 հեկտար ավել հող է մշակվել:

 

«Մարզն ունի շուրջ 37 700 հեկտար վարելահող, որից 45 տոկոսն է օգտագործվել անցյալ տարվա տվյալներով, այս տարի ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 48-49 տոկոսի: Եթե աճը շարունակվի նման դինամիկ տեմպերով, մի քանի տարի հետո պատկերն ամբողջությամբ կփոխվի», – նշել է նախարարը:

 

Անդրադառնալով մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքատվությանը` Սերգո Կարապետյանը շեշտել է, որ այն դեռևս շատ ցածր է, և եթե հանրապետական միջին ցուցանիշը կազմում է 33 ց/հա, ապա Կոտայքում այն ընդամենը 26,8 ց/հա է:

 

Իր խոսքում նախարարը շեշտել է նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նոր պտղատու այգիների հիմնման և ջերմոցային տնտեսությունների ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ նախարարը հայտնել է, որ առաջիկայում մարզում նախատեսվում է կառուցել  շուրջ 30 հեկտար ջերմոցներ:   

 

Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել «Թամարա և Անի» ՍՊԸ  արտադրության պետ Տիգրան Շալջյանը և ֆերմերային տնտեսության ղեկավար Գարեգին Սեդրակյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

 

Նիստից հետո նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է մարզի կոոպերատիվների նախագահների հետ ժողովին, որի ընթացքում արծարծվել են անասնաբուժական ծառայությունների իրականացման, կաթի մթերման գների, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և մի շարք այլ հարցեր:

 

Անդրադառնալով կոոպերատիվների շարժման խթանման հարցին` նախարարը նշել է, որ համատեղ աշխատանքը թույլ կտա թեթևացնել գյուղացիների հոգսերը և մեծ արդյունավետություն կապահովի, իսկ պետության կողմից կոոպերատիվներին կտրամադրվի համապատասխան օժանդակություն, մասնավորապես, կոոպերատիվներին ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ «ՀԳՌԿՄ 2» ծրագրի միջոցներով կտրամադրվի անհրաժեշտ գյուղտեխնիկա, կստեղծվեն փոքր վերամշակվող արտադրամասեր, և արդեն մի քանի տարի անց կոոպերատիվների անդամները զգալի դրական փոփոխությունների ականատեսը կդառնան:

 

Նախարարի հաջորդ կանգառը Զովունի համայնքում էր, որտեղ եղել է 2003 թվականին հիմնադրված «Թամարա և Անի» ՍՊԸ-ում: Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ սկզբնական շրջանում արտադրության ծավալները փոքր էին, տեսականին`  սահմանափակ,  սակայն  աստիճանաբար  գրավելով  իր ուրույն  տեղը շուկայում՝ մեծացան թե’ արտադրության  ծավալները և թե’ թողարկվող արտադրանքի տեսականին: Տնօրենը նաև նշել է, որ ներկայումս կաթը մթերվում է 150 դրամով, իսկ ամառվա ամիսներին մթերման գինը 130 դրամից չի նվազի։

 

Ներկայումս ընկերությունում արտադրվում է կաթնամթերքի լայն տեսականի, պանիրներ, պաղպաղակ, գազավորված զովացուցիչ ըմպելիքներ և շշալցված աղբյուրի ջուր: Գործարանը   համալրված  է  ժամանակակից  սարքավորումներով, որոնք ներկրվել են արտերկրից։ Ընկերության արտադրանքը նաև արտահանվում է։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել