Իսրայելից ժամանած մասնագետները Երևանում կանցկացնեն «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց

2016-03-14

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասը և «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը:

 

Պատվիրակությունը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ու «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն և գործողությունների ծրագրի» շրջանակում:

 

«Իսրայելի հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման բնագավառում, որը հիմնված է գիտական վերջին նորարարությունների վրա,  չափազանց կարևոր է մեր երկրի համար: Համոզված եմ, որ այս դասընթացը շատ հետաքրքիր և օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Բարձր գնահատելով հայ-իսրայելական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս բնագավառում երկու երկրների միջև առկա է չիրացված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ արդյունքների:

 

Հանդիպման մասնակիցները նախարարին համառոտ ներկայացրել են դասընթացի հիմնական թեմաներն ու մեթոդաբանությունը և ընդգծել, որ հիմնական շեշտը դրվելու է գյուղատնտեսության քաղաքականությունը ու գործնականում դրա կիրառումը առավելագույնս միմյանց մոտեցնելու սկզբունքի վրա:   

 

Վստահություն հայտնելով, որ նման դասախոսությունները շարունակական բնույթ կկրեն և կընդգրկեն շահագրգռված անձանց լայն շրջանակ` նախարարը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դասընթացի մասնակիցներին:

 

Դասընթացներից բացի ծրագրի շրջանակում նախատեսվում է խորհրդատվություն և աջակցություն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը քաղաքականության մշակման, արժեշղթաների զարգացման և այլ ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել սեմինարներ ու հանդիպումներ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել