Երևանում անց է կացվել «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաներ» թեմայով սեմինար

2016-03-10

1Այսօր Երևանում անց է կացվել «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնը», «Ագրոտեխ» և ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերությունները:

 

Միջոցառմանը մասնակցում էին ջերմատնային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար արտադրողներ ֆրանսիական Ռիշել Գրուպ (Richel Group), ֆիննական Յարա Սուոմի Օյ (Yara Suomi Oy) հոլանդական Էնզա Զադեն (Enza Zaden), Մարդենկրո Բի Վի (Mardenkro B.V.), Պրիվա (Priva) և իսրայելական Պասկալ Թեքնոլոջիս (Paskal Technologies) ընկերությունները: Հրավիրվածների թվում էին ոլորտի պետական պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների, խոշոր և փոքր ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մանրածախ վաճառք իրականացնող անձինք: Սեմինարին մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

 

  «Այս համատեղ միջոցառման հիմնական նպատակն է  գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնել Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված նոր տիպի ջերմատները, ինչպես նաև դրանցում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք էականորեն կարող են ավելացնել արդյունավետությունն ու բարձրացնել արտադրողականությունը», – ողջունելով   մասնակիցներին` նշել է փոխնախարարը:

 

Նա նաև հավելել է, որ սեմինարի մասնակից ֆրանսիական Ռիշել Գրուպ ընկերությունն արդեն իսկ Հայաստանում իրականացրել է աշխատանքներ ջերմատնային տնտեսություններ կառուցելու ուղղությամբ: 

 

 «Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանն իր հերթին նշել է, որ ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար, և մեր երկրում արդեն իսկ գործում են այնպիսի ջերմատներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել արտասահմանցի խոշոր արտադրողների և ներդրողների համար:

 

Կենտրոնի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ տեղական ջերմոցային տնտեսություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կհանգեցնի ոչ միայն ծախսերի զգալի կրճատման և դրանից բխող ինքնարժեքի նվազմանը, այլև արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:

     

Սեմինարին ներկայացվել են նոր սերնդի կիսափակ ջերմատների մոդելները, բարձրորակ պարարտանյութերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ջերմատան ավտոմատ կառավարման և բերքատվության վերահսկման համակարգերը,  ջերմատներում ստվերարկման, լույսի ցրման համար կիրառվող ներկերի տեսականի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկի հատուկ սորտեր, սուբստրատներ, ջերմատներում կիրառվող այլ տեխնոլոգիաներ որոնց ներդրումը հնարավորություն կտա ապահովել բարձր բերքատվություն, միջազգային շուկաներում արտադրանքի մրցունակ գին և բարձր որակ:

 

   

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել