Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև

2016-02-19

1Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ:

 

Ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը: Նախարարը նաև շեշտել է կենդանիների համարակալման և հաշվարման համակարգերի ներդրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական կառույցների միջև մասնավորապես սերմնաբուծության ոլորտում համագործակցության զարգացման հարցին։ Քննարկվել է նշված ուղղություններով տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը:

 

Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին կարևորել է այցը երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար և հույս հայտնել, որ այն կնպաստի արդյունավետ համագործակցության հաստատմանը։

 
Հանդիպման շրջանակում նախարարները ստորագրել են համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության մասին:

 

Համաձայնագրի շրջանակում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները համագործակցություն կծավալեն բուսաբուծության, գոմշաբուծության և թռչնաբուծության, չորային գոտիներում գյուղատնտեսության կազմակերպման, ոռոգման և ջրի կառավարման համակարգերի ու առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակման, կաթի արտադրության և վերամշակման, պտղատու ծառերի փոխանակման և այլ առաջնային ուղղություններով:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել է իր պաշտոնակցին այցելել Հայաստան։

 

Այսօր նախատեսվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումները գյուղտեխնիկայի խոշոր արտադրողների, գինի ներմուծողների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ՀՀ դեսպանատանը կկազմակերպվի գինու համտես։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել