Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի արդյունքները

2015-12-04

asulis1Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:

 

Նա մասնավորապես անդրադարձել է Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:

 

 Այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության շրջանակում  փոխնախարարն առանձնացրել է «Արևելյան համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» 25 միլիոն եվրո արժողությամբ  եռամյա ծրագիրը,  որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 5-ը` տեխնիկական և իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Ծրագրի տեխնիկական բաղադրիչի ներքո ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում այժմ նախարարությունը մշակում է հետբերքահավաքի կաննոնակարգ և  ուսումնասիրում բնածին աղետների  դեմ պայքարի նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցը: Արմեն Հարությունյանը հավելել է, որ այս  մեթոդոլոգիայի շրջանակում պիլոտային ծրագրեր կիրականացվեն հակակարկտային ցանցերի տեղադրման, ցրտահարության դեմ պայքարի միջոցառումների նոր տեխնոլոգիաների մասով: Ծրագիրն ունի նաև դրամաշնորհային բաղադրիչ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից  և նպատակուղղված է կոոպերատիվների աջակցությանը:   Փոխնախարարն ընդգծել է, որ այս տարի ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունները, որոնք ցանկանում են կոոպերատիվներ հիմնել,  հնարավորություն են ունեցել հայտեր ներկայացնել, որի արդյունքում ըստ չափորոշիչների  կընտրվեն  30-35 կոոպերատիվներ, որոնք կստանան դրամաշնորհներ Եվրամիության կողմից:

 

 Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանում կմեկնարկի նոր ծրագիր ` ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, որը կուղղվի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:  Նախատեսվում  են բարեփոխումներ օրենսդրական դաշտում, դրամաշնորհային ծրագիր, որը բաց է լինելու ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի բյուջեն կազմում է 3,3 մլն եվրո, տևողությունը` երեք տարի է:

 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող ծրագրերն են`  «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում» ($2 մլն, 2014-2017), «Համագործակցություն հանուն գյուղի զարգացման», ($4 մլն 2013-2018),  «Գյուղի զարգացման նախաձեռնություն» ($4 մլն, 2013-2018):

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացվում են անասնաբուժական կենտրոնների ստեղծման և մասնավոր խորհրդատվական համակարգերի խթանման ծրագրեր:  Արմեն Հարությունյանը հայտնել է, որ մինչև 2017 թվականը նախատեսվում է ստեղծել թվով 20  անասնաբուժական կենտրոններ, որոնք կապահովվեն այլընտրանքային խորհրդատվություն գյուղացիական տնտեսությունների համար:   2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է նաև ջրային համակարգի արդիկանացմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում երեք պիլոտային ծրագրեր են իրականացվել` ջրախնայողատար համակարգերի տեղադրման մասով, ինչը կնպաստի, որպեսզի ձկնաբուծական տնտեսություններն առավել արդյունավետ դարձեն իրենց գործունեությունը:

 

Նախարարությունը շարունակում է համակգործակցությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  հետ, այս պահին կան 7 ընթացիկ ծրագրեր: Դրանցից են` Խաղողի կոլեկցիոն այգիների ստեղծման, Ձկնաբուծության զարգացման, Բրյուցելոզի դեմ պայքարի պիլոտային ծրագրերը:

 

 Փոխնախարարի խոսքով`  այս տարի նախարարությունը բավականին արդյունավետ համագործակցել  է  Ֆրանսիայի դեսպանատան հետ, և տարվա ընթացքում Հայաստան են ժամանել առաքելություններ` խորհրդատվական համակարգի արդիականացման և խաղողագործության և գինեգործության զարգացման նպատակով: Ակնկալվում է, որ 2016 թվականին ֆրանսիացի մասնագետներ կժամանեն պանրագործության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և մեր հանրապետությունում պանիրների նոր տեսակների արտադրության զարգացման նպատակով:  Արմեն Հարությունյանը շեշտել է, որ  նոր տեխնոլոգիաների ներդրումը պայմանավորված է նոր շուկաներ գտնելու և արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

 

Այս տարի Հայաստանը դարձել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպության անդամ և Գերմանիայի զարգացման գործակալությունն աջակցել է, որ հայկական կրթական և գիտական հաստատությունների անդամներ մասնակցեն և իրենց թեզերը ներկայացնեն այս հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում:

 

Անդրադառնալով ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի քննարկումներին` փոխնախարարը հայտնեց, որ 12 աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք նպատակաուղված են գյուղատնտեսության ոլորտում տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը:   

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել