Հորդանանը հետաքրքրված է Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ
2015-12-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հորդանանի «Կենդանիների հիվանդությունից զերծ գոտի» ծրագրի համակարգող, Հորդանանի գյուղատնտեսության նախկին նախարար պարոն Սաիդ Ալ-Մասրիին և ծրագրի գործադիր տնօրեն Վալիդ Սաիդին: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Հանդիպման սկզբում պարոն Սաիդ Ալ-Մասրին տեղեկացրել է, որ այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը և քննարկել անասնապահության ոլորտում համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ քայլեր են ձեռնարկվում Հորդանանը անասնաբուծության տարածաշրջանային հանգույցի վերածելու և այստեղ նոր ռեգիոնալ անասնաբուծական շուկա ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով 2016 թվականի կեսերից նախատեսվում է մեկնարկել «Կենդանիների հիվանդություններից զերծ գոտի» վերտառությամբ ծրագիր, որի շրջանակում այժմ դիտարկվում են այն երկրները, որոնք կարող են դառնալ պոտենցիալ մատակարար այդ գոտու համար` հետագայում այդ կենդանիները Հորդանանից դեպի այլ արաբական երկրներ տեղափոխելու նպատակով:
Ծրագիրը, որն արաբական երկրներում իրականացվող ամենամեծ նախագիծն է հանդիսանալու, իրականացվելու է խոշորագույն «The King Abdullah II Fund for Development (KAFD)» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
Պարոն Սաիդ Ալ-Մասրին ընդգծել է, որ նկատի ունենալով Հայաստանում ոչխարաբուծության ճյուղի բարձր մակարդակը, ինչպես նաև տեղական ոչխարների որակական բարձր հատկանիշները, հորդանանյան կողմը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը նույնպես ընդգրկվի այդ ծրագրի մեջ` որպես կառուցվող գոտու համար ոչխարների մատակարարման հիմնական գործընկեր:
«Հայաստանը անասնապահության, և մասնավորապես, ոչխարաբուծության ոլորտում ունի զարգացման մեծ ներուժ, ուստի կարծում եմ, որ այս ոլորտում մեր երկկողմ համագործակցությունը կլինի շատ արդյունավետ և փոխշահավետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ծրագրի իրագործման հարցում», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Համառոտ ներկայացնելով Հայաստանում ոչխարաբուծության ոլորտի ներկա վիճակն ու այս ճյուղի զարգացման հեռանկարները` նախարարը շեշտել է, որ մեր երկրից տարեկան հնարավոր է արտահանել մոտ 250-300 հազար գլուխ ոչխար:
Պատվիրակության անդամները նաև նշել են, որ ծրագրի շրջանակում գարնանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում նախատեսվում է կազմակերպել շահառու երկրների մասնակցությամբ խոշոր կոնֆերանս, ինչպես նաև ցուցահանդես-համտես, որի ընթացքում դեպի հորդանանյան հատուկ գոտի արտահանող երկրները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը:
Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-հորդանանյան համագործակցությունը աստիճանաբար ավելի կընդլայնվի և կզարգանա` ընդգրկելով ոլորտային այլ ճյուղեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին