ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
2015-12-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, որը հիմնադրման 15-ամյակը կլրանա օրերս: Նրանց ուղեկցում էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ու կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ստեղծվել է 2000 թվականին ՀԱԱՀ-ի, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի և ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Կենտրոնն առաջարկում է ագրոբիզնեսի ոլորտի կրթություն Հայաստանի ագրոպարենային համակարգում և հարակից հատվածներում, պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման մասնագետներ: Այստեղ ուսուցումն իրականացվում է ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և ամերիկացի դասախոսների կողմից:
Նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատանքն ու այստեղ պատրաստվող մասնագետների գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները:
«Դուք մեր ապագան եք, և ես վստահ եմ, որ վաղը ձեզանից շատերը նաև պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում բարձր պաշտոններ են զբաղեցնելու: Մենք այսուհետ նույնպես աջակցելու ենք, որպեսզի այս կենտրոնի կողմից պատրաստված մասնագիտական կադրերը հենց մեր երկրում աշխատանք գտնեն, և չտեղափոխվեն արտերկիր», – իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, իր հերթին կարևորել է կենտրոնի գործունեությունը, նշելով, որ միշտ իր այցելությունների ժամանակ տպավորված է եղել որակով, պրոֆեսորադասախոսական կազմի հմտություններով` վստահություն հայտնելով, որ այն գիտելիքները, որոնք փոխանցվում են ուսանողներին, կօգնեն նրանց պատրաստ լինեն դիմագրավելու ոլորտի մարտահրավերներին:
Դեսպանը հավելել է, որ Միացյալ Նահագների կառավարությունը հպարտ է գործակցելու այս հաստատության հետ,և իրենք օգնել են, որ այն դառնա ճանաչված ուսումնական կենտրոն գյուղատնտեսության ոլորտում, որի արդյունքում այժմ կենտրոնը հրապուրիչ է ոչ միայն հայ ուսանողների, այլև այլ երկրների երիտասարդների համար:
Հանդիպման ընթացքում հյուրերը պատասխանել են նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Նախարարն իր խոսքում կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, ապահովագրական համակարգի ներդրումը, գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի նվազեցումը, կլիմայի փոփոխության պայմաններում ձեռնարկվելիք միջոցառումները և այլ խնդիրներ: