ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է տարվա արդյունքները
2015-12-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական արդյունքները:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով և վարվող պետական աջակցության քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2015 թվականի հունվարնոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 931.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 11.6 %-ով:
Տնտեսական աճը, հիմնականում, արդյունք էր գյուղատնտեսությունում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի, որին նպաստեցին նաև բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոլորտում իրականացված պետական աջակցության ծրագրերը:
Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ցանքատարածությունների ավելացումը և արդյունքում` հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը:
Միայն 2015 թվականին ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակն ընթացիկ տարում կազմել է 78.6 %, 2014 թվականի 74.4 %-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ցանքատարածությունները կազմել են 351.3 հազ. հա նախորդ տարվա 332.8 հազ. հա-ի դիմաց, գրանցվել է 5.6 % աճ:
Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համախառն ներքին արդյունքի մեջ ոլորտի տեսակարար կշռի ավելացմանը։
2015 թվականին հանրապետությունում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ:
Սակայն սա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, ավելին, տարեց տարի մենք բախվում ենք նոր մարտահրավերների, որոնց լուծման համար պահանջվում են իրավիճակից բխող առավել արդյունավետ մոտեցումներ:
Ընթացիկ տարվա խնդիրների մեջ առանձնանում էր բուսաբուծական մթերքների մթերումների խնդիրը, որը պայմանավորված էր ոչ միայն արտադրության ծավալների էական ավելացմամբ, այլև, հիմնականում, արտաքին գործոնների հետ կապված, մասնավորապես ռուսական ռուբլու և ԱՄՆ դոլարի հարաբերակցության փոփոխության հետևանքով գինեգործական, կոնյակի, պահածոների արտադրատեսակների արտահանման ծավալների կտրուկ կրճատման, որը հանգեցրեց գյուղատնտեսական մթերք վերամշակողների շրջանառու միջոցների և գյուղատնտեսական հումքի պահանջարկի կրճատման:
Նշված խնդիրը միջազգային էր, արտաքին պարենային բորսաներում գները նվազեցին 25-30 %-ով:
Վերը նշվածի հետ փոխկապակցված, խնդիրներ են առկա գյուղատնտեսական մթերքների նախորդ տարիներին ձևավորված և ընթացիկ տարվա մթերումների գների մակարդակի և դրանց վճարումների առնչությամբ:
Վերը նշված խնդրի հրատապությունը և դրա չհաղթահարման դեպքում առաջիկայում առավել սուր խնդիրներից խուսափելու նկատառումներով պայմանավորված` ձեռնարկվեցին համապատասխան օպերատիվ միջոցառումներ: Մասնավորապես, մասնավոր հատվածի արտադրողների հետ քննարկվեցին ծառացած խնդիրները և մշակվեցին առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:
Դեռևս կարևոր խնդիր է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային փոխշահավետ հարաբերությունների լիարժեք արմատավորումը:
Ընթացիկ տարվա առանձնահատկություններով պայմանավորված, վերը նշված խնդիրների հետ մեկտեղ, չնայած որոշակի դրական տեղաշարժերի, առկա են նաև խնդրիներ կապված հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, գյուղատնտեսությունում համատեղ գործունեության, մասնավորապես կոոպերացիայի զարգացման, ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման, արտաքին շուկայի պահանջներին համապատասխան գյուղատնտեսական մթերքների որակի ապահովման անցման, իրացման համակարգի կատարելագործման և այլ ուղղություններին:
Ըստ առանձին ճյուղերի և բնագավառների 2015 թվականի հիմնական արդյունքները հետևյալն են.
ԲՈԻՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 573.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15.6 %-ով։
Բուսաբուծության ճյուղում աճը հիմնականում ապահովվել է պտղի և խաղողի արտադրության ծավալների ավելացման հաշվին:
Բուսաբուծության ճյուղում գրանցված դրական տեղաշարժերին նպաստել են իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերը, որոնցից հիմնականներն են.
Սերմնաբուծության և սերմապահովության ծրագրեր:
Ծրագրերի շրջանակներում սերմերի ներկրման և հանրապետությունից ձեռք բերման պահանջարկը ձևավորվել է մարզերից ներկայացված հայտերի հիման վրա, որոնք ամբողջությամբ բավարարվել են:
Հացահատիկային տնտեսության, կերարտադրության զարգացմանն է ուղղվել «Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում 2015 թվականին հանրապետության մարզերի հողօգտագործողների պահանջարկին համապատասխան հատկացվել է Ռուսաստանից ներկրված և տեղական սերմարտադրողներից գնված 1134 տոննա գարնանացան գարու, 5.3 տոննա եգիպտացորենի, 27.0 տոննա առվույտի և 247.8 տոննա կորնգանի սերմացու։
Ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն է ուղղվել «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» և «Աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման» ծրագրերը:
2015 թվականի աշնանացանի համար նշված ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատակարարվել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 40 տոննա սուպերէլիտային և 1509 տոննա առաջին վերարտադրության, ինչպես նաև ծրագրերի շահառուների կողմից վերադարձված ու նրանցից գնված 2749 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Գյուղատնտեսական մշակաբույսերի անհայտ ծագման սերմերի օգտագործման բացառմանը և նոր սորտերի շրջանացմանն է նպաստել «Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի» իրականացումը, որի շրջանակներում 2015 թվականի ընթացքում ստուգվել է գյուղատնտեսական մշակաբույսերի 15933 տոննա սերմ, որից հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի՝ 8976, բանջարբոստանային մշակաբույսերի՝ 26, պալարապտուղների՝ 6498, կերային մշակաբույսերի՝ 429, տեխնիկական մշակաբույսերի և այլն: Ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս սորտափորձարկումների միջոցով ընտրել և Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար երաշխավորել բույսերի նոր արդյունավետ սորտեր, որոնց օգտագործումը կապահովի բարձր և կայուն բերքատվություն:
Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարին է ուղղվել «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագիրը, որի շրջանակներում 2015 թվականի աշնանը կրծողների դեմ պայքարի իրականացման նպատակով ձեռք է բերվել 7900 կգ բույսերի պաշտպանության միջոց: Պայքարի միջոցառումներ են իրականացվել առավել վարակված 25000 հեկտար վարելահողերում և խոտհարքներում: Հանրապետությունում իրականացված մոնիթորինգի տվյալների վերլուծության արդյունքում 2015 թվականին մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումներ չեն իրականացվել:
Բուսաբուծության ճյուղի կայունությանն ու զարգացմանն են նպաստել նաև
<<Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության>> ծրագրերը:
Շուկայականից 40-50 % ցածր գնով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին համայնքներում 2015 թվականի ընթացքում հատկացվել է 32.7 հազ. տոննա ազոտական, 2361 տոննա ֆոսֆորական և 857 տոննա կալիումական պարարտանյութ:
Շուկայականից զգալիորեն ցածր գնով, ներառյալ տեղափոխման ծախսերը, մարզերի համայնքներում 2015 թվականին հատկացվել է 3.2 մլն լիտր դիզելային վառելանյութ։
Նշված ծրագրերի շրջանակներում հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի հանրապետության մարզերի հայտերի պահանջարկն ամբողջությամբ բավարվել է, որը նպաստել է գյուղատնտեսական աշխատանքների ագրոտեխնիկական միջոցառումների կատարմանը, ցանքատարածությունների ավելացմանը, հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների բարձրացմանը։
Նշված և այլ ծրագրերի իրականացման շնորհիվ բուսաբուծության ոլորտում ապահովվել են հետևյալ արդյունքները.
Հացահատիկային մշակաբույսերի արտադրություն
Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն ընթացիկ տարում կազմել են 199.9 հազ. հա 2014 թվականի 188.7 հազ. հա-ի դիմաց աճը կազմել է 11.2 հազ. հա (5.9 %):
Ըստ օպերատիվ տվյալների հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը 2015 թվականին կազմել է 630.4 հազ. տոննա նախորդ տարվա 590.6 հազ. տոննայի դիմաց, աճը կազմել է 39.8 հազ. տոննա (6.7 %):
Ցորենի ցանքատարածությունները կազմել են 111.6 հազ. հա 2014 թվականի 106.4 հազ. հա-ի դիմաց, աճը կազմել է 5.2 հազ. հա (4.9 %):
Ցորենի համախառն արտադրանքն ըստ օպերատիվ տվյալների 2015 թվականին կազմել է 369.4 հազ. տոննա, նախորդ տարվա 338.2 հազ. տոննայի դիմաց, աճը կազմել 31.2 հազ. տոննա (9.2 %): Բերքատվությունը 33.2 ց/հա է, նախորդ տարվա 31.8-ի դիմաց:
Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի, ինչպես նաև ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Վերջին ցուցանիշը 2015 թվականի համար գնահատվում է շուրջ 53 %, 2014 թվականի 48.7 %-ի դիմաց:
2016 թվականի բերքի համար 2015 թվականի աշնանացանի տարածքները կազմել են 116830 հազ. հա, նախորդ տարվա 111836 հա-ի դիմաց, աճը կազմել է շուրջ 5000 հա (4.5 %):
Իրականացված ծրագրերի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի ցանքերում օգտագործվող սերմերի շուրջ 80 %-ը սորտաթարմացվել է:
Կարտոֆիլի արտադրություն
Կարտոֆիլի ցանքատարածությունները 2015 թվականին կազմել են 32.5 հազ. հա նախորդ տարվա 31.5 հազ. հա-ի դիմաց, աճը 1000 հա (3.2 %):
Ըստ օպերատիվ տվյալների կարտոֆիլի արտադրության ծավալները 2015 թվականին կազմել է 776.6 հազ. տոննա նախորդ տարվա 733.2 հազ. տոննայի դիմաց, աճը կազմել է 43.4 հազ. տոննա (5.9 %):
Բանջար-բոստանային մշակաբույսերի արտադրություն
Բանջարեղենի ցանքատարածությունները 2015 թվականին կազմել են 28.9 հազ. հա նախորդ տարվա 26.4 հազ. հա-ի դիմաց, աճը կազմել է 2.5 հազ. հա (9.5 %):
Բանջարեղենի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ տվյալների, ընթացիկ տարում կազմել է 1033.8 հազ. տոննա, 2014 թվականի 954.6 հազ. տոննա, աճը կազմում է 8.3 %:
Բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները 2015 թվականին կազմել են 6.8 հազ. հա նախորդ տարվա 5.8 հազ. հա, աճը կազմում է 1000 հա (17.2 %):
Ըստ օպերատիվ տվյալների բոստանային մշակաբույսերի արտադրության ծավալները 2015 թվականին կազմել են 286.0 հազ. տոննա նախորդ տարվա 245.8 հազ. տոննայի դիմաց, աճը կազմում է 40.2 հազ. տոննա (16,4 %):
Պտղի և խաղողի արտադրություն
Ընթացիկ տարում ապահովվել է պտղի և խաղողի աննախադեպ առատ բերք:
Ըստ օպերատիվ տվյալների պտղի և հատապտղի արտադրության ծավալը 2015 թվականին կազմել է 377.8 հազ. տոննա, նախորդ տարվա 291.0 հազ. տոննայի փոխարեն, աճը կազմում է 86.8 հազ. տոննա (29.8 %):
Ընթացիկ տարում, ըստ օպերատիվ տվյալների, խաղողի համախառն բերքը կազմել է 309.3 հազ. տոննա, նախորդ տարվա 261.3 հազ. տոննայի դիմաց գերազանցելով 2014 թվականի մակարդակը 48.0 հազ. տոննայով (18.4 %):
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացումը նախադրյալներ ստեղծեցին անասնապահական մթերքների ծավալների ավելացման համար:
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2015 թվականի հունվար-հոկտեմբերին անասնապահության համախառն արտադրանքը կազմել է 284.2 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 3.6 %-ով:
2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին անասնապահական մթերքների ծավալները կազմել են`
- մսի իրացման ծավալը կենդանի քաշով կազմել է 94.5 հազ. տոննա` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.4 %-ով,
- կաթի արտադրության ծավալը կազմել է 673.9 հազ. տոննա` գերազանցելով նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի ծավալները 4.2 %-ով,
- ձվի արտադրությունը նույն ժամանակաշրջանում կազմել է 597.8 մլն հատ` նախորդ տարվա դիտարկվող ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 3.2 %-ով:
Գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանն է ուղղվել «Տավարաբուծության զարգացման ծրագիրը»: Վերջինիս շրջանակներում եվրոպական երկրներից հանրապետություն է ներկրվել շվից, հոլշտին և սիմենթալ ցեղերի տոհմային երինջներ, որոնք մատչելի` տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են հանրապետության անասնապահական տնտեսություններին: Ստացվել են բարձր տոհմային և մթերատու հատկանիշներով օժտված, տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող բարձրարժեք տոհմային հորթեր: Մի շարք ընկերություններում ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 7-8 հազար կգ կաթ, որը 3-4 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:
2015 թվականին ծրագրի շրջանակներում Ավստրիայի Հանրապետությունից ներկրվել են 257 գլուխ հոլշտին և շվից ցեղերի տոհմային երինջներ, որոնք հատկացվել են թվով 9 տնտեսավարող սուբյեկտի: Երինջների երկրորդ խմբաքանակը (453 գլուխ) կներկրվի 2016 թվականի գարնանը:
Անասնապահության կայունության և զարգացման համար կարևորվում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, որի շրջանակներում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, հանրապետությունում հակահամաճարակային կայուն իրավիճակի ստեղծման համար իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ՝ ապահովելով այդ հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմուն ֆոն ունեցող) գլխաքանակ: Անասնահակահամաճարակային միջոցառումների իրականացման համար ձեռք են բերվել 594.0 մլն դրամի պատվաս-տանյութեր, ախտահանիչներ և անասնաբուժական պարագաներ: Ընդհանուր առմամբ, 2015 թվականին իրականացվել են 8.5 մլն կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:
Անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առաջին և երկրորդ ծրագրերը:
Նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման և այլ միջոցներով։ Ծրագրի առանցքային դրույթներից է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը և դրանց գործունեությանը նպաստելու միջոցով` մրցունակ անասնապահության զարգացումը:
Ծրագրի հիմնական` «Համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի նպատակն է` աջակցել ընտրված անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, և համայնքները մեծապես շահագրգռված են բարելավելու սեփական արոտավայրերից ստացվող արտադրանքը, ստեղծել արոտօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ:
Բաղադրիչը ընգրկում է`
- հանրապետության 8 մարզի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) 136 համայնք, ևս 50-ը նախատեսվում է ընդգրկել,
- 221 հազ. մարդ կամ 57 հազ. ընտանիք, որոնք զբաղված են անասնապահությամբ,
- շուրջ 294.0 հազ. հեկտար արոտավայր, որը կազմում է հանրապետության արոտավայրերի 28 տոկոսը,
- ավելի քան 190.0 հազ. պայմանական գլուխ կենդանի, որը հանրապետության ընդհանուր գլխաքանակի շուրջ 29 տոկոսն է:
Կատարվել են հետևյալ աշխատանքները`
- 142 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ (այդ թվում` 2015 թվականին 52 կոոպերատիվ),
- 74 համայնքում իրականացվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներ (կառուցվել է 184 կմ ջրագիծ, տեղակայվել է 229 հատ խմոց, միայն 2015 թվականին շուրջ 40 կմ ջրագիծ 48 հատ խմոց),
- 74 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 741 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 161 անիվավոր տրակտոր, 580 միավոր այլ գյուղգործիքներ (միայն 2015 թվականին 200 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 31 անիվավոր տրակտոր),
- 55 համայնքի գյուղամերձ դեգրադացված արոտներում իրականացվել են վերականգնման ցուցադրական աշխատանքներ՝ ընդամենը 218 հա:
Նշված բաղադրիչի շրջանակներում ապահովվել են հետևյալ արդյունքները`
- ջրարբիացվել է և կենդանիների արածեցման համար հասանելի է դարձել շուրջ 121.5 հազ. հա արոտ,
- խոշոր եղջերավորների կաթնատվությունը և քաշաճը բարձրացել է 18.0 %-ով, իսկ մանր եղջերավորների կաթնատվությունը և քաշաճը, համապատասխանաբար` 15.0 և 16.0 %-ով,
- ավելացել է արոտօգտագործումից համայնքային բյուջե փոխանցվող արոտավճարները` շուրջ 58.0 %-ով,
- բարձրացել է մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի ապահովվածության մակարդակը` 74 %-ով:
Ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվների գործունեության արդյունավետության մասին են վկայում հետևյալ փաստերը.
29 համայնքի և արոտօգտագործողների կոոպերատիվների սեփական եկամուտների հաշվին՝
- կառուցվել է շուրջ 1500 մ ջրարբիացման համակարգ,
- տեղադրվել է 11 հատ խմոց,
- բարելավվել է շուրջ 130 հազ. քմ արոտ տանող ճանապարհ,
- ձեռք է բերվել 29 միավոր գյուղտեխնիկա:
Ծրագրի հաջորդ «Գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում բաղադրիչի» նպատակն է` գործող խորհրդատվական ծառայությունների միջոցով աջակցել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև անասնաբուժական ծառայության միջոցով տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների բարելավմանը:
Նշված բաղադրիչի` «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» ենթաբաղադրիչով կատարվել են հետևյալ աշխատանքները`
- ՀՀ 6 մարզերում անցկացվել է անասնաբույժների ուսուցում,
- հանրապետության 2 մարզում կառուցվել են անասնաբուժական սպասարկման կենտրոններ, նախատեսվում է կառուցել ևս 3 կենտրոն,
- ծրագրով ուսուցում անցած 67 անասնաբույժներին հատկացվել են սարքավորումներ, հիմնականում, արհեստական սերմնավորման գործընթացը կազմակերպելու համար:
Նշված վարկային ծրագիրը շարունակվում է, և ակնկալում ենք ավելի բարձր արդյունքներ:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացումը: Վերջինիս նպաստել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը:
Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան ոլորտին տրամադրվում է մատչելի` 14 % տոկոսադրույքով, հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից: Ընդ որում, 6 տոկոսով ամբողջական սուբսիդավորումն սկսվել է իրականացվել 2015 թվականից: Ինչպես մայր գումարի, այնպես տոկոսադրույքի մարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ` առնվազն 6 ամիս:
2011 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 77.3 մլրդ դրամ ընդհանուր գումարով 88.8 հազ. միավոր վարկ: Նշված ժամանակահատվածում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 3.2 մլրդ դրամ: 2015 թվականին` ծրագրի առաջին փուլում, տրամադրվել է 8.2 մլրդ դրամի, երկրորդ փուլում` 7 մլրդ դրամի վարկ:
Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ գրանցված դրական տեղաշարժերն արդյունք են նաև վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ
2015 թվականին նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով սեմինարների և խորհրդատվությունների մատուցման գործընթացում պարբերաբար քննարկվել է տնտեսավարման ձևերի զարգացման, մասնավորապես կոոպերացման թեման, հաշվետու ժամանակահատվածում կոոպերատիվների ստեղծման թեմայով անցկացվել է 330 սեմինար, սեմինարների ընթացքում քննարկվել է կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը, տպագրվել և տարածվել է 32 անուն տեղեկատվական թերթիկ՝ 13.2 հազ. տպաքանակով, իրականացվել է 6.2 հազ.խորհրդատվական միջոցառում: Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով ստեղծվել է 22 կոոպերատիվ: «Ագրոլրատու» շաբաթաթերթում կոոպերատիվների ստեղծման կարևորության վերաբերյալ տպագրվել է 32 հոդված:
Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և գործունեությանը մեծ աջակցություն է ցուցաբերվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընթացիկ տարվա դեկտեմբերին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
2015 թվականի հունվարից մեկնարկած «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) եռամյա ծրագրի շրջանակներում (որի նպատակն է աջակցել ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը և լավագույն գյուղատնտեսական փորձի և աղետների ռիսկերի նվազեցման համակարգերի ներդրմանը), իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը գտնվոմ է տեխնիկական աջակցության բաղադրիչի փուլում: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է գյուղատնտեսական կոոպերատիվների հայտադիմումների ընդունում, մշակվել է արտադրող խմբերի ընտրության մեթոդոլոգիան, կատարվել է հայտադիմումների նախնական ընտրություն` առաջնահերթությունը տալով մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի և այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ առաջարկող խմբերին:
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման նպատակով նախատեսվում են նաև ուսումնականխորհրդատվական այցեր ՀՀ մարզեր:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ
Գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացումը և այս բնագավառում ծառացած խնդիրների լուծումը:
Ներկայումս (2015թ. հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով) գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի 37.2 %-ը:
Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտադրության ծավալների աստիճանական ավելացումն որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը: Սակայն, այս գործում առկա են որոշակի խնդիրներ: Անհրաժեշտ է հասնել նրան, որ բոլոր գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև նախօրոք հաստատվեն պայմանագրային հարաբերություններ, որը խնդրի լուծման հիմնական նախապայմաններից է:
2015 թվականին գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 43.5 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 27.6 %-ով, իսկ պտղի մթերումների ծավալը կազմել է 20.6 հազ. տոննա, որն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 48.3 %-ով:
2015 թվականին խաղողի մթերումների գործընթացն ունեցել է իր առանձնահատկությունները:
Մինչև մթերման գործընթացն սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի` ընթացիկ տարվա շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա: Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը:
Իրականացված նախապատրաստական և հետագա ամենօրյա աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի և Վարչապետի անմիջական աջակցության արդյունքում՝ 2015 թվականին մթերվել է 216.8 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 32.7 հազ. տոննայով:
Խաղողի մթերումների հետ կապված, առանձնակի պետք է կարևորել վերամշակող ընկերություններին սեփականատերերի ընդառաջ գնալու հանգամանքը, անկախ իրենց մոտ առկա դժվարություններից, իրավիճակը ճիշտ գնահատելու, խաղողագործության ճյուղի և գյուղացու համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող մթերումների գործընթացին ըմբռնումով մոտենալու և ընդառաջելու համար:
Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում շարունակվել է մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը:
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը: 2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 76.0 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 34.2 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, որից` 21.3 հազ. տոննա ծիրան: Խաղողի արտահանման ծավալը կազմում է 13.0 հազ. տոննա, նախորդ տարվա 7.8 հազ. տոննայի դիմաց: Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 65.9 %-ով:
Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը: Արտահանման ծավալների մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության բաժինը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 83.4 %-ը, 2014 թվականի 46.2 %-ի դիմաց:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ` բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղությամբ, որի ընթացքում իրականացվում են տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր:
Հանրապետության գյուղատնտեսության խնդիրների լուծման գործում իր աջակցությունն ու կարևոր դերն է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:
Կազմակերպության գլխավոր աշխատանքներից մեկն ուղղված է եղել երկրի բնակչության համար անվտանգ մսի ու մսամթերքի ապահովմանը: Հունաստանի կառավարության աջակցությամբ երկրում կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց, որոնցշահագործումը հնարավոր է դարձել մասնավոր հատվածի հետ գործընկերության միջոցով:
Կազմակերպությունն աջակցել է 5 հա տարածքի վրա ստեղծելու ծիրանենու կոլեկցիոն այգի, որտեղ հավաքված է ծիրանի ավելի քան 80 տեսակ, և երկրի չորս մարզերում հիմնվել են ցուցադրական այգիներ: Գյուղատնտեսական նոր տեխնոլոգիայի կիրառումը, որը ներառում է կաթիլային ոռոգման համակարգ և կարկտից պաշտպանող ցանցեր, նույնպես կմեծացնի հողագործների եկամուտները և կայուն հիմք կստեղծի հետագա սելեկցիոն գործողությունների իրականացման համար:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցել է վերազինելու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսա-սանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի» Սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժինը և ներկայումս այն իրականացնում է ընդունված միջազգային չափանիշներով փորձաքննություններ:
Կազմակերպության կողմից աջակցություն է ցուցաբերվում կենդանիների բրուցելյոզի վերահսկման ավելի արդյունավետ համակարգի ստեղծմանը, որն ապագայում բրուցելյոզի վերահսկման շարունակական ազգային ծրագրի համար օգտակար մոդելային օրինակ ծառայելուց բացի, կսահմանափակի նաև մարդկանց վարակման վտանգը: Մեկնարկել է Արարատյան դաշտավայրում ձկնաբուծության համար օգտագործվող խորքային ջրերի խնայողության ռեժիմին անցնելու ծրագիրը:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսության նախարարությանը՝ ինստիտուցիոնալ զարգացման նպատակով և քաղաքականությունների մշակման հարցում՝ տեխնիկական հարցերի, արտադրողականության բարձրացման, հողերի կառավարման բարելավման և գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման ուղղությամբ:
2015 թվականի հունվարին մեկնարկել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) եռամյա ծրագիրը, որի նպատակն է աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների բիզնես կարողությունների ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ռիսկերի նվազեցման համակարգի ներդրմանը և այլ աշխատանքների իրականացմանը:
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին հաստավել է նաև Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը:
Գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր են իրականացվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Մասնավորապես, նախատեսվում է ծրագրեր իրականացնել Արարատյան հարթավայրի ձկնաբուծարաններում ջրի խնայողական տեխնոլոգիաների ներդրման, կենդանիների բրուցելիոզ հիվանդության դեմ պայքարին, այդ թվում` նաև կենդանիների հաշվառման և համարակալման աշխատանքներին:
Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխատանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, 2016 թվականին քաղաքականությունն ուղղվելու է հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.
• Գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, մասնավորապես կաթիլային ոռոգման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, արդիական տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների ընդլայնումը:
• Շարունակվելու է կարևորվել գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների, նպատակային և արդյունավետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:
• Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ներմուծման փոխարինումը և գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավումը:
• Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացումը:
• Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սերմերով հանրապետության ապահովվածության մակարդակի բարձրացումը:
• Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև անասնաբուժական համակարգի կատարելագործումը:
• Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպատակով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
• Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառելանյութի, հանքային պարարտանյութերի:
• Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիայի ներդրումը:
• Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնարկումը:
• Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առողջության պահպանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտադրատեսակների մրցունակության բարձրացման առումով շարունակվելու է սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը, մասնավորապես օրենսդրական հիմքերի կատարելագործումը, տեխնիկական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:
• Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ: Առանձնակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը:
Վերը նշված խնդիրների լուծումը նախադրյալներ կստեղծի առաջիկայում գյուղատնտեսության զարգացման և տնտեսական աճի ապահովման համար: