ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
2015-11-28
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Չնայած վերջին տարիներին գրանցված և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ:
Չպետք է մոռանալ, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16օ ցրտերին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում արդեն կորուստներն անխուսափելի են:
Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգտվելով ներկայիս բարենպաստ եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բարձր բերքի ստացման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին