Վերջին տասը տարվա ընթացքում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31, 500 հեկտար տարածքում

2015-11-11

photo«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է անտառվերականգնման և անտառապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այս ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Մասնավորապես, նրա խոսքով, 2004-2014 թվականներին հանրապետությունում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31,500 հեկտար տարածքում, այդ թվում մոտ 3591 հա անտառապատում և ավելի քան 27,800 հա անտառվերականգնում: Ընթացիկ տարում անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացվել են 175 հեկտար տարածքում:   

 

Ընթացիկ տարում «Հայանտառ»-ի տնկարաններից մարզպետարաններին, քաղաքապետարաններին, համայնքներին և «անտառտնտեսություն» մասնաճյուղերին անհատույց տրամադրվել է մոտ 200 հազար հատ տնկանյութ: Տնկումներն իրականացվել են ինչպես անտառամերձ, այնպես էլ համայնքների տարածքներում:

 

Պարոն Մաթևոսյանն անդրադարձել է նաև 2015 թվականի հունիսի 18-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից հաստատված «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում» ծրագրին, որի շրջանակում 2015-2019 թթ. Լոռու և Տավուշի մարզերում նախատեսվում է իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ 4600 հեկտար անտառային տարածքներում:
 Տնօրենը նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մթերվել է 24 հազար խորանարդ մետր փայտանյութ, իսկ անտառամերձ բնակիչներին անվճար տրամադրվել է ավելի քան 36 հազար խորանարդ մետր թափուկ:  

 

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին` Մարտուն Մաթևոսյանը հայտնել է, որ 2015 թվականին ապօրինաբար հատվել է 1273 ծառ, որի համար բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվել են օրենքով սահմանված պատասխանատվության, ընդ որում 2004 թվականին այդ ցուցանիշը կազմել էր ավելի քան 32, 700 ծառ:

 

Մարտուն Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ այս առումով ավելի կարևոր են ապօրինի հատումների ծնող պատճառների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նրա խոսքով` սահմանամերձ և անտառամերձ համայնքներում հիմնական վառելիքը փայտն է և պետք է մարդկանց սովորեցնել,  ինչպես վառելափայտ ստանալ` անտառին մինիմալ վնաս հասցնելով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել