ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրել է 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրեր

2015-11-04

eluytԱզգային Ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ,
Հարգելի գործընկերներ,

 

2016 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 14 մլրդ 404 հազար դրամ, որից` 8 մլրդ 176 մլն դրամ բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության համար, իսկ վարկային ծրագրերին նախատեսվում է ուղղել  5 մլրդ 825 մլն դրամ:  Ընդ որում, բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության ծախսերը մնացել են անփոփոխ, նախատեսված միջոցների ավելացումը պայմանավորված է վարկային ծրագրերին հատկացվող միջոցների աճով:

 

2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես` բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատչելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով՝ ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

 

 Ընդհանուր առմամբ, 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված հետևյալ ծրագրերը.

 

 Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխատակազմերի պահպանման ծախսերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 638 մլն 916 հազար դրամի  ընթացիկ ծախսերի իրականացում, որն ուղղվում է նախարարի և նախարարության աշխատակազմի պահպանությանը:

 

-    Ըստ առանձին ծրագրերի նախատեսվում է հետևյալ աշխատանքների իրականացումը՝

 

•    Բուսաբուծական մթերքների երաշխավորված բերքի ստացման նախադրյալների ստեղծմանն է ուղղվում «Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը»:

 Ծրագրի իրականացմանն է նախատեսվում ուղղել 59 մլն 107 հազար դրամ:

 

Այս ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռում կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործումը և ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրությունը, ինչպես նաև բույսերի նոր սորտերի կազմի ընդլայնումը սորտափորձարկման միջոցով:

 

•    Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի երաշխավորված բերքի ապահովման և կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծման համար կարևորվում է «Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրը»:  

 

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ուղղել  150 մլն դրամ:

 

Ծրագիրը ներառում է անտառի վնասատուների և հիվանդությունների  դեմ ավիացիայի միջոցով, ինչպես նաև վնասատուների և մորեխների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը շուրջ 83 հազ. հա տարածության վրա: Նշված ծրագիրը շարունակական է, և ծրագրի իրականացումը նախորդ տարիներին տվել է դրական արդյունքը:

 

•    Ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտագործման նպատակով և երաշխավորված բերքատվության ապահովման նախադրյալների ստեղծման համար կարևորվում է «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը»:  

 

Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 71 մլն 337 հազար դրամ:

 

Նախատեսվում է 75 հազ. հեկտար  գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա ագրոքիմիական դաշտային հետազոտությունների իրականացում։ Կիրականացվի 64 հազ. փորձանմուշների լաբորատոր փորձաքննություն: Կկազմվի և 170 համայնքների կհանձնվի ագրոքիմիական քարտեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր։

 

•    «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ծրագրի» իրականացմանը նախատեսվում է ուղղել  1  մլրդ 214 մլն դրամ: Այդ թվում պատվաստուկների, ախտորոշիչ և ախտահանիչ նյութերի ձեռք բերմանը կուղղվի 594 մլն դրամ, իսկ համայնքներում գործող 650 անասնաբույժների վարձատրությանը` 620 մլն 476 հազար դրամ:

 

Կիրականացվեն գյուղատնտեսական կենդանիների առավել վտանգավոր հիվանդությունների 8 կանխարգելիչ և 2 ախտորոշիչ միջոցառում: Ընդհանուր վերցրած՝ կիրականացվի շուրջ 9 մլն կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառում:

 

•    «Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագիր»:

 

Վերջինիս իրականացմանը նախատեսվում է ուղղել 397 մլն 299 հազ. դրամ:

 

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝ հանրապետության մարզերում ագրարային ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովում, նոր տեխնոլոգիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացում,  դաշտային ուսուցումների և փորձացուցադրական աշխատանքների կազմակերպում, լրատվական և տեղեկատվական, մարքեթինգային խորհրդատվական ծառայությունների մատուցում:

 

•    Գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր և կարանտին հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների մշակման համար կարևորվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում  ծառայությունների մատուցում ծրագիրը»:

 

 Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 135 մլն 239 հազ. դրամ  և  ակնկալվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`

 

-    հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակվածության արեալի ճշտում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կատարված դիտարկումների իրականացում  250.0 հազ. հեկտարի վրա։

 

-    կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային  վիճակի ապահովում, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանություն հանրապետության 915  համայնքներում։

 

•    «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շարունակում:

 

 Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել  1  մլրդ 163 մլն դրամ:

 

Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի հանրապետության 915 համայնքներում: Կսուբսիդավորվի վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Վարկերը տրամադրվում են հայկական դրամով, բացի տոկոսադրույքի մատչելի լինելուց ծրագրով սահմանված է նաև այլ արտոնյալ պայմաններ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսադրույքի վճարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ առնվազն 6 ամիս:

 

Ծրագրի իրականացմամբ վարկերի մատչելիության բարձրացումը հնարավորություն կտա լուծել գյուղատնտեսությունում տնտեսվարողների առջև ծառացած մի շարք խնդիրներ, նախադրյալներ կստեղծվեն արտադրության ծավալների ավելացման և ոլորտի զարգացման համար:

 

•    2016 թվականին շարունակվելու է «Անտառապահպանական աշխատանքների ծրագիրը»:

 

Ծրագրի իրականացմանն է նախատեսվում  ուղղել   1 մլրդ 201 մլն դրամ: Կիրականացվի ավելի քան 344 հազ. հեկտար անտառային տարածքների պահպանություն:

 

 Պետական բյուջեով նախատեսված միջոցներն ամբողջությամբ ուղղվում են անտառային տնտեսության աշխատողների աշխատավարձի ապահովմանը:

 

Վերջին տարիներին ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կրճատվել են անտառների ապօրինի հատումները և անտառային հրդեհները:

 

•    «Անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագիր»:  Վերջինիս նախատեսում է ուղղել 54 մլն 656 հազ. դրամ:

 

Ծրագիրն ուղղված է հանրապետությունում անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտառածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառվերականգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասատուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:

 

 Ծրագրով նախատեսվում է իրականացնել 300.0 հազ. հա անտառային տարածքների, ինչպես նաև 70.0 հազ. հա արգելոցների ու ազգային պարկերի ուսումնասիրություններ և դիտարկումներ:

 

-    2016 թվականին, նույնպես, կարևորվելու են գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացման ծրագրերը:

 

Այս ուղղությամբ իրականացվելու է.

 

•    «Պետական աջակցություն գյուղատնտեսական hողոգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռք բերման ծրագիրը»:

 

Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 2 մլրդ 760 մլն դրամ, սուբսիդիա:

 

 

Հաշվարկը կատարված է՝ հիմք ընդունելով 2015 թ. իրականացված ծրագրի ծավալները, որոնք, սակայն, ՀՀ մարզպետարաններից ներկայացված վճարունակ պահանջարկի հիման վրա կարող են փոփոխության ենթարկվել: Ներկայումս հանրապետության մարզպետարաններից պահանջարկը ճշգրտվում է:

 

 Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական  հողօգտագործողներին,  մատչելի գներով, ապահովել վճարունակ ամբողջ պահանջարկը ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի նկատմամբ, ընդ որում՝ ազոտական պարարտանյութի 50 կգ մեկ պարկը կտրամադրվի 6000 դրամով, իսկ ֆոսֆորական և կալիումականը 7000-ական դրամով:

 

Ծրագրից հնարավորություն ունեն օգտվելու հանրապետության բոլոր հողօգտագործողները:

 

•    Ռեսուրսների մատչելիությանն ուղղված հաջորդ ծրագիրը «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողոգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման ծրագիրն» է:

 

Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 330 մլն դրամի սուբսիդիա:

 

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական հողօգտագործողներին, շուկայականից ցածր գներով, դիզելային վառելանյութի վճարունակ պահանջարկի ամբողջական բավարարում:

 

 Տվյալ ծրագրից նույնպես հնարավորություն ունեն օգտվելու հանրապետության գյուղատնտեսությունում բոլոր տնտեսավարողները:

 

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, ազոտական, ֆոսֆորական և կալիումական  պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռք բերման երեք ծրագրերի գծով 2016 թվականի բյուջեի նախագծով  նախատեսվում է հատկացնել շուրջ 4 մլրդ 253 մլն դրամի սուբսիդիա:

 

Նշվածից բացի, հանրապետության անասնապահության զարգացման համար կարևորվում են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ վարկային ծրագրերը:

 

Ընդհանուր առմամբ, վարկային ծրագրերին 2016 թվականին նախատեսվում է ուղղել  5 մլրդ  825 մլն դրամի միջոցներ:Առաջին ծրագիրը ավարտվում է 2016թ. ընթացքում և տվյալ տարում նախատեսվում է հատկացնել 964 մլն 105 հազ. դրամ:

 

Ծրագրի նպատակն է եղել աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին` հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով:

 

Ընդհանուր առմամբ, տվյալ ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մարզի 91 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: 74 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները (կառուցվել է 184 կմ ջրագիծ, տեղակայվել է 229 խմոց), կոոպերատիվներին տրամադրվել է 664 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 143 անիվավոր տրակտոր:

 

Ծրագրի իրականացումը նպաստում է բնական կերհանդակների  օգտագործման արդյունավետության բարձրացմանը, անասնապահության զարգացմանը, տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Ծրագիրը խթանում է նաև գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ ծրագրի շրջանակներում համայնքներում ներդրված միջոցները կարճ ժամանակահատվածում փոխհատուցվում են ավել արտադրված անասնապահական արտադրանքի արժեքով:

 

 2015թ. մեկնարկել և 2016թ. շարունակվելու է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը:

 

Ծրագրի իրականացման համար 2016թ. նախատեսվել է հատկացնել  4 մլրդ  696 մլն դրամ:

 

Ծրագիրը կշարունակի համայնքներում իրականացնել արոտների արդյունավետ կառավարմանը և անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության 8 մարզում:  Նախատեսված է մինչև 2019թ. ծրագիրն իրականացնել 100 համայնքում:
2016թ. նախատեսվում է իրականցնել հետևյալ աշխատանքները:

 

 40 համայնքում կհիմնադրվեն «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 47 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներ: Կջրարբիացվի շուրջ 75 հազ. հա արոտ: 55 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին կտրամադրվի շուրջ 200 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` շուրջ 45 անիվավոր տրակտոր:

 

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման, իրացման խնդիրների լուծմանը:

 

 Նշվածի հետ մեկտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված ծրագրերից բացի կիրականացվեն նաև այլ ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված ոլորտի առջև ծառացած հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը`

 

•    Հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանը,

 

•    Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծությանը և սերմապահովությանը,

•    Անասնաբուծության տոհմային գործի կազմակերպմանը, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը:

•    Տնտեսավարման ձևերի կատարելագործմանը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեության խթանման մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության բարձրացմանը, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի ընդունմանը:

 

•    Գյուղատնտեսությունում արդիական տեղնոլոգիաների ներդրմանը, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման, կարկտապաշտման ցանցաշերտերի կիրառմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը:

 

•    Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես՝ մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման աշխատանքների շարունակմանը:

 

Այսպիսով, հակիրճ ներկայացվեցին 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացման համար նախատեսված առաջնահերթ անհրաժեշտ ծրագրերը, որոնք կնպատակաուղղվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ճյուղի մրցունակության բարձրացմանը, արդյունքում` ոլորտի կայունացմանն ու զարգացմանը, պարենային անվտանգության ապահովմանը:

 

Շնորհակալություն

Տպել