ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը ստորագրել են համագործակցության հուշագիր
2015-11-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու գերատեսչությունների միջև վերջին տարիների ընթացքում ձևավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը:
«Այժմ մենք նպատակ ունենք գալիք տարվանից մայրաքաղաքում նախաձեռնել և կազմակերպել գյուղատնտեսական տարբեր մթերքների օրեր, իսկ առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նաև գինու փառատոն, որը կկրի ամենամյա բնույթ»,-զրույցի ընթացքում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ համագործակցության շրջանակների ընդլայնումն ու ամրապնդումը կնպաստի գյուղացիների և քաղաքաբնակների միջև շփումների ակտիվացմանը, ինչն էլ կխթանի հայկական գյուղմթերքի արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը` մայրաքաղաքի բնակիչներին ապահովելով թարմ, բարձրորակ, մատչելի գներով գյուղատնտեսական մթերքով:
Սերգո Կարապետյանը և Տարոն Մարգարյանը հատկապես կարևորել են համատեղ ջանքերով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 2011 թվականից Երևան քաղաքում գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը` որպես հաջողված նախաձեռնություն:
«Երևանում գյուղատնտեսական շուկաներ ունենալու նախաձեռնությունն իսկապես սպասված էր մայրաքաղաքի բնակիչների կողմից, ինչը ոչ միայն գյուղացիների համար առանց միջնորդի իրենց արտադրանքը վաճառելու լավ հնարավորություն է, այլև մայրաքաղաքի բնակչությանն է հնարավորություն ընձեռում առավել մատչելի գներով ձեռք բերելու գյուղացիական արտադրության մթերքը: Ելնելով մայրաքաղաքի բնակիչների պահանջարկից` Երևանի քաղաքապետարանը հատկացրել ու պատրաստ է անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի վարչական շրջաններում համապատասխան նոր տարածքներ ևս հատկացնել գյուղմթերքի շուկաների կազմակերպման համար», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանդիպման շրջանակում Գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է ագրոպարենային ոլորտի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագիր:
Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության, մասնավորապես ագրոպարենային ոլորտի համամասնական ու կայուն զարգացմանը, հայրենական արտադրության լավագույն արտադրանքի գովազդմանը, ճանաչման ու սպառման մակարդակի ավելացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ոսկե մեդալով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին