ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

2015-11-27

iranՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

 

Հանդիպման սկզբին նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք:

 

«Վերջին տարիներին հարևան Իրանի հետ հատկապես գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Հուսով եմ Ձեր պաշտոնավարման ընթացքում երկուստեք համագործակցությունը ագրարային ոլորտում ավելի կամրապնդվի ու կընդլայնվի», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի և Իրանի միջև դեռևս առկա է չօգտագործված ներուժ` փոխգործակցության հեռանկարային ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է անասնապահությունը`  հատկապես ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը, համատեղ ջերմոցային տնտեսությունների հիմնման հնարավորությունը, ինչպես նաև կարևորել է ոռոգման ոլորտում կաթիլային համակարգի ներդրման և հակակարկտային ցանցերի արտադրության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

 

Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, նշել է, որ Իրանը կարող է արդյունավետ համագործակցել Հայաստանի հետ նաև սերմարտադրության և ծաղկի արտադրության, ինչպես նաև ծառերի սորտերի բարելավման ոլորտներում:

 

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը` Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով, որտեղ այս մթերքն ունի մեծ պահանջարկ:

 

Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է նաև Հայաստանում և Իրանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողովներ, որոնք հնարավորություն կընձեռեն հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային արտադրանքին և  լրացուցիչ խթան կհանդիսանան երկկողմ կապերի աշխուժացման համար:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել