ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները

2015-11-30

_MG_3727 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող  շուրջ  20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

 

 Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները:

 

«Այսօր պաշտոնապես հրապարակվել է այն գյուղատնտեսական մթերքների ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարար Կարապետյանի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար  քանակությամբ  թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները  և հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:

 

Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում:

 

Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին և խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել