ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ

2015-11-19

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան  առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:

 

«Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է  դրական  տեղաշարժ, ինչին նպաստել են ոչ միայն եղանակային բարենպաստ պայմանները, այլև պետական աջակցության և միջազգային կառույցների օժանդակությամբ իրականացվող ծրագրերը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: 

 

Ընդգծելով, որ հատկապես վերջին տարիների ընթացքում արդյունավետ համագործակցություն է ձևավորվել Գյուղատնտեսության նախարարության,  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և միջազգային կառույցների միջև` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

 

Հանդիպման ընթացքում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը և գերակա ուղղությունները:

 

Անդրադառնալով ոլորտի առաջնային լուծում պահանջող խնդիրներին` նախարարը մասնավորապես մատնանշել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման և կենդանիների համարակալման ու հաշվառման իրականացման կարևորությունը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության և բնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև  հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման և պտղատու ինտենսիվ  նոր այգիների ստեղծման հարցերին: Ընդգծելով երկրում ջրային ռեսուրսների կառավարման և արդյունավետ օգտագործման կարևորությունը` նախարարը անհրաժեշտ է համարել ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների, իսկ ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը:

 

Նշված ծրագրերի իրագործման համար ակնկալվում է ամերիկյան կողմի  աջակցությունը:

 

Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմի ներկայացուցիչները բարձր են գնահատել Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի արդյունավետությունը:

 

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել