Տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների համաժողովը

2015-10-14

1Այսօր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, այլ պաշտոնյաներ:

 

Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող Կայուն գյուղատնտեսական զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև դոնորների համակարգման մեխանիզմները:

 

Եռամյա այս ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի
արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

 

Ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ:

 

«Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և վերջին տարիների ձեռքբերումները` հույս հայտնելով, որ այն հետագայում էլ ավելի կամրապնդվի:

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ հիացած է հայկական  գյուղատնտեսական արտադրանքի որակով և համային հատկանիշներով: Նա հավելել է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի` կարևորելով բոլոր ջանքների կենտրոնացումը շուկաների հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ:

 

ENPARD ծրագրին լրացուցիչ տեխնիկական աջակիցների` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են կոոպերատիվների զարգացման, բնածին աղետների դեմ պայքարի, խորհրդատվության որակի բարելավման և մի շարք այլ խնդիրների շուրջ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները:

 

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ծրագրի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչին, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Մասնավորապես նշվել է, որ բաղադրիչի շրջանակում ստացվել է թվով 190 հայտադիմում, որոնք ներկայումս ուսումնասիրման փուլում են: Ծրագրի կողմից առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին:

 

 Համաժողովին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվել է նաև միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման ծրագրի նախագիծը, որի նպատակն է առավել թիրախային, թափանցիկ, արդյունավետ և հանրամատչելի դարձնել համատեղ իրականացվող ծրագրերը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել