ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին

2015-10-16

9Մեծարգո պարոն վարչապետ,

Տիկնայք և պարոնայք,

 

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայագրոֆորում համաժողովին Ձեր մասնակցության համար։

 

Հայաստանն անկախության հռչակումից ի վեր, 24 տարիների ընթացքում որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների քաղաքականություն։ Խորհրդանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվել է ագրարային բարեփոխումներով։ Հողի սեփականաշնորհումը, ագրոպարենային համալիրի բոլոր ոլորտների մասնավորեցումը և շուկայական հարաբերությունների արմատավորումը բարդ ու դժվարին գործընթաց էր։ Ուստի, ինչպես շուկայական հարաբերությունների անցնող այլ երկրներում, Հայաստանում ևս անցումային ժամանակաշրջանն ուղեկցվել է որոշակի բարդություններով:

 

Այսօր սկզբունքորեն նոր մոտեցումներ են ցուցաբերվում ագրարային ոլորտի զարգացման ուղղությամբ։ Այն համարվում է տնտեսության գերակա ոլորտ և դրան համահունչ վերանայվել է պետական քաղաքականության մոտեցումները:
Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ապահովվել է էական տնտեսական աճ:
 

Գյուղատնտեսությունում ձևավորվում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 1/5 մասը, իսկ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ` համախառն ներքին արդյունքի մեջ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը կազմում է ավելի քան 26 %:

 

Հարգելի գործընկերներ,

 

Այս տարի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, հոկտեմբերի 16-ին`  Պարենի համաշխարհային օրը, նշում է իր հիմնադրման 70 տարին: Այդ հոբելյանական տարեդարձի առթիվ ուղղում եմ իմ շնորհավորանքները և շնորհակալություն եմ հայտնում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը վերջին 20 տարիներին Հայստանի գյուղատնտեսությունում իրականացրած առաջնահերթ ծրագրերի և աջակցության համար:

 

Այս տարին ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է հողի միջազգային տարի։
ՄԱԿ-ի ընդունած հայտարարությունն առավել համահունչ է մեր հանրապետության գյուղատնտեսության պայմաններին և ոլորտում իրականացվող քաղաքականությանը, որը նպատակաուղղվել է հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը:

 

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2011-2015 թվականների ընթացքում ավելացել են գրեթե 68000 հեկտարով, միայն 2015 թվականին` 18500 հեկտարով և կազմել են 351300 հեկտար: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2015 թվականին հասել է 78.5 %-ի, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:

 

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 504 միլիարդ 900 միլիոն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը  13.5 %-ով:

 

Հանրապետության բոլոր մարզերում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ:

 

Նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտին առչվող խնդիրների լուծման գործընթացում ակտիվ համագործակցություն է ունեցել հանրապետության բոլոր մարզպետարանների և նրաց համապատասխան ստորաբաժանումների հետ:

 

Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մի շարք ծրագրերի միջոցով: Նշեմ դրանցից հիմնականները:
•    «Ցորենի սերմանաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը,
•    «Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը:

 

Այս ծրագրերը նպաստել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը և հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը:

 

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2015 թվականին, ըստ օպերատիվ տվյալների, գերազանցել են նախորդ տարվա մակարդակը շուրջ 8 %-ով և կազմել 637.0 հազ. տոննա: Ցորենի արտադրության ծավալները կազմել են շուրջ 373.0 հազ. տոննա, 2014 թվականի 338 հազ. տոննայի դիմաց, գրանցվել է 10.5 % աճ:

 

Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն է ունեցել ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է շուրջ 50.0 %, 2010 թվականի 33.5 %-ի դիմաց:

 

Վերջին տարիներին իրականացվել և ներկայումս շարունակվում են գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական նյութական ռեսուրսների մատչելիության բարձրացման միջոցառումներ: Դրան են ուղղված «Հողօգտա-գործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրերը:
Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակար-դակի բարձրացումը: Վերջինիս նպաստել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը: 2015 թվականից վակերի տոկոսադրույքները սուբսիդավորվում է 6 տոկոսով, նախորդ տարիներին գործող 4 տոկոսի փոխարեն:

 

Հանրապետությունում անասնաբուծության խթանմանը նպաստել է «Տավարաբուծության զարգացման ծրագիրը»:
Անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրը:
 

Ծրագիրն իրականացվում է հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված վեց մարզում։

 

Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման և այլ միջոցներով։ Ծրագրի առանցքային դրույթներից է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը և դրանց գործունեությանը նպաստելու միջոցով մրցունակ անասնապահության զարգացումը:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսված 55 համայնքի փոխարեն, տնտեսված միջոցների ներգրավմամբ, աշխատանքներ են իրականացվել 91 համայնքում:

 

Ծրագրի իրականացման արդյունքում, միջին ժամկետում, գյուղա-տնտեսական կենդանիների մթերատվությունը ներառված համայնքներում բարձրացել է 20.0-25.0 %-ով, ավելացել է անասնագլխաքանակը:

 

Հաշվի առնելով ծրագրի դրական արդյունքները՝ 2015 թվականին մեկնարկել է երկրորդ ծրագիրը, որը ընդգրկում է հանրապետության 8 մարզի 100 գյուղական համայնք:

 

Գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացումը և այս բնագավառում ծառացած խնդիրների լուծումը:

 

Ներկայումս գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի 38.4 %-ը:
Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտադրության ծավալների աստիճանական ավելացումն որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը: Սակայն, այս գործում, ինչպես գիտեք, առկա են որոշակի խնդիրներ: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև նախօրոք հաստատվեն պայմանագրային հարաբերություններ, որը խնդրի լուծման հիմնական նախապայմաններից է:

 

Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 40 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը  21.4 %-ով, իսկ պտղի մթերումների ծավալը կազմել է 17500 տոննա, որն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 53.7 %-ով: Պտուղ-բանջարեղենի մթերումները շարունակվում են:
Այժմ անդրադառնանք խաղողի մթերման գործընթացին:
 

 

Մինչև մթերման գործընթացը սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի` ընթացիկ տարվա շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա: Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը:
Իրականացված նախապատրաստական և հետագա ամենօրյա աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի և Վարչապետի անմիջական աջակցության արդյունքում՝ այսօրվա դրությամբ մթերվել է 202 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 20 հազ. տոննայով, իսկ ամբողջ տարվա ծավալը` 19 հազ. տոննայով: Խաղողի մթերման գործընթացն որոշակի բարդություններով հանդերձ շարունակվում է, և երաշխիքներ կան առաջարկվող խաղողի բերքն ամբողջությամբ մթերման համար:
Խաղողի մթերումների հետ կապված, ցանկանում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել վերամշակող ընկերություններին, անկախ իրենց մոտ առկա դժվարություններից, իրավիճակը ճիշտ գնահատելու, խաղողագործության ճյուղի և գյուղացու համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող մթերումների գործընթացին ըմբռնումով մոտենալու և ընդառաջելու համար:

 

Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում շարունակվել է մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը:

 

Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտա-հանման ծավալների ավելացմանը: Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 62300 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 31100 տոննա պտուղ և հատապտուղ, որից` 21300 տոննա ծիրան: Խաղողի արտահանման ծավալը կազմում է 7000 տոննա, նախորդ տարվա 4900 տոննայի դիմաց:

 

2014 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 37800 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ: Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 65.1 %-ով, իսկ 2014 թվականի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 33.6 %-ով (15.6 հազ. տոննայով): Արտահանման գործընթացը  շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա համեմատությամբ ծավալների գրեթե կրկնապատկման համար:

 

Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը: Արտահանման ծավալների մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնա-բաժինը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության բաժինը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 83.6 %-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 39.6 %-ի դիմաց:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ` բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղությամբ, որի ընթացքում իրականացվում են տնտեսության ագրարային հատվածի զար-գացմանը նպաստող տարբեր ծրագրեր:

 

2015 թվականի հունվարին մեկնարկել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) եռամյա ծրագիրը, որի նպատակն է աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների բիզնես կարողությունների ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ռիսկերի նվազեցման համակարգի ներդրմանը և այլ աշխատանքների իրականացմանը:

 

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին հաստավել է նաև Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, 3.2 մլն եվրո բյուջեով:

 

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

 

Ձեր ուշադրությանը հակիրճ ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների մի մասը: Իրականում նախարարության գործունեության շրջանակներն ավելի լայն են:

 

Նախարարությանն իրենց մշտական աջակցությունն են ցուցաբերել հանրապետության գյուղատնտեսությունում ընդլայնված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ, դրանցից հարկ է առանձնացնել Ֆերմերների ազգային միավորումը, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա իրավաբանական անձանց միությունը, Հայկական ագրարագյուղացիական միավորումը և այլն:

 

Նախարարությունն իր գործունեության շրջանակներում համագործակցում է գյուղատնտեսության ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների, մասնավորապես արդյունավետ համագործակցություն է ապահովում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ:
Ինչպես գիտեք, դեռևս 2013 թվականին գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանն ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման:

 

Հարգելի գործընկերներ,

 

Հարկ եմ համարում նշել, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները:

 

Մասնավորապես, դեռևս մտահոգող է գյուղատնտեսական հողատեսքերի՝ հատկապես վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը:

 

Գյուղատնտեսական արտադրությունում արդյունավետ տնտեսավարմանը դեռևս լրջորեն խոչընդոտում են գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ստեղծված իրավիճակում, չնայած որոշակի առաջընթացի, դանդաղ են ընթանում տնտեսությունների խոշորացման, կոոպերացման, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության խթանման գործընթացները:

 

Խնդիրներ են առկա կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման,  գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման, տոհմային գործի կազմակերպման հետ:

 

Կարևորագույն  հիմնախնդիր է մնում գյուղատնտեսական մթերքների իրացումը, որն իր տարբեր դրսևորումներն ունեցավ այս տարի:
Առկա խնդիրներից է նաև նոր տեխնոլոգիաների ներդրման դանդաղ ընթացքը, մասնավորապես` կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների հիմնման և այլն:

 

Հիշատակված խնդիրների լուծմանն էլ նպատակաուղղված է ոլորտում վարվող քաղաքականությունը:

 

«Հայագրոֆորում» համաժողովի հարգելի մասնակիցներ, այս միջոառման կազմակերպմանն աջակցության և հովանավորման համար ցանկանում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ին, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն:

 

Եզրափակելով՝ հարկ է շեշտադրել, որ մեր երկրում գյուղատնտեսության զարգացումն ապահովվում է հայ գյուղացու ջանքերի, հմտությունների, աշխատասիրության, պետություն-մասնավոր հատված համագործակցության և պետական աջակցության շնորհիվ։

 

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ շնորհավորում եմ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ և ցանկանում ոլորտի մարդկանց քաջ առողջություն, խաղաղ երկինք, բարեկեցություն, առատ բերք ու բարիք:

 

Շնորհակալություն

 

Տպել