ՀՀ գյուղատնտեսության նախարարության հորդորը հանրապետության խաղողագործներին

2015-10-07

no_pic5ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում արտադրվել է 245 հազար տոննա խաղող, որից վերամշակման է ենթարկվել 180 հազար տոննա, արտահանվել` 5700 տոննա: Օրական միջին հաշվով մթերվում է շուրջ 6-7 հազար տոննա խաղող: Վերջին օրերին կրկին մեծացել է լարվածությունն առանձին համայնքներում խաղողագործների կողմից ցուցաբերվող ավելորդ շտապողականության ու խուճապային տրամադրությունների պատճառով: Հաճախ միանգամից հավաքվում է մեծ քանակությամբ բերք, վերամշակող ձեռնարկությունների մոտ գոյանում են հերթեր, առաջանում անհարկի դժգոհություններ, ստեղծվում լրացուցիչ դժվարություններ ու խնդիրներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հանրապետության խաղողագործներին` բերքահավաքը կատարել վերամշակող ընկերությունների հետ համաձայնեցված ժամկետներում ու ծավալներով, համագործակցել տեղերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների պատասխանատու ներկայացուցիչների և համայնքի ղեկավարների հետ: Ավելորդ շտապողականության կարիք չկա, քանի որ նախկինում խաղողի բերքահավաքը կատարվել է մինչև հոկտեմբերի 25-ը և առանց որևէ էական կորուստների:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու ամենօրյա հետևողական աշխատանքը խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն ամբողջությամբ ապահովելու համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին 

 

 

Տպել