ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

2015-10-02

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր` խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ տեղում խնդիրները քննարկելու նպատակով: 

 

Նախարարի այցի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ նախարարը նախ դիտարկել է համայնքի խաղողի այգիները, զրուցել խաղողագործների հետ:
Աղավնաձորցիները հայտնել են, որ գոհ են այս տարվա բերքից` միաժամանակ որոշակի մտահոգություն հայտնելով իրացման խնդիրների շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն մարզ է ժամանել «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչը, ով նախատեսում է գյուղացիների հետ պայմանագրեր կնքել:

 

«Այս տարի Վայոց ձորի մարզում առկա է խաղողի առատ բերք, և վերամշակող ընկերությունները հոկտեմբերի 5-ից կսկսեն մթերման գործընթացը: Ընդհանուր առմամբ, Վայոց ձորի մարզից պատրաստ են խաղողի մթերումներ իրականացնել ընդհանուր թվով 17 ընկերություն, որից 10-ը գործում են մարզում», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` մարզում անցյալ տարի արտադրվել է շուրջ 5100 տոննա խաղող, այս տարի բերքն ավելի առատ կլինի, որից մոտ 3000 տոննան կկազմի «Արենի» սորտը:

 

Նախարար Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ բերքը մթերվելու է, և այս առումով մտահոգություններ չկան, սակայն խաղողագործները և մթերող ընկերությունները որոշակի անհամաձայնություններ ունեն մթերման գնի շուրջ: «Արմենիա Վայն» ընկերությունը ներկայումս «Արենի» սորտի դեպքում պայմանագրեր են կնքում 200-210 դրամով: Նկատի ունենալով բերքի առատությունը` նախարարը հորդորել է գյուղացիներին ըմբռնումով մոտենալ խնդրին:

 

Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել, նշելով, որ այն խաղողագործները, ովքեր չունեն պայմանագրեր ևս մտահոգվելու առիթ չունեն․ նրանց արտադրած ամբողջ բերքը ևս մթերվելու է։

 

Նախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ` ներկայումս մթերման հետ կապված հերթեր են գոյացել Արարատի և Արմավիրի մարզերում, սակայն միջոցներ են ձեռնարկվում այս հարցի լուծման ուղղությամբ: Աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու համար այժմ մի շարք փոքր ընկերությունների վարկեր են տրամադրվում: Ընդ որում որոշ ընկերություններ արդեն ստացել են այդ վարկերը, իսկ մյուս մասը՝ քննարկման փուլում է:
Նախարարը նաև շեշտել է, որ այս խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետի և իր մշտական ուշադրության կենտրոնում:

 

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչ Համլետ Թադևոսյանն իր հերթին նշել է, որ նախորդ տարի ընկերությունը Վայոց ձորի մարզում մթերել է 230 տոննա խաղող, այս տարի նախատեսում են ավելացնել մթերման ծավալները` հասցնելով մինչև 300 տոննայի: Բացի այդ գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել մթերել նաև մոտ 100 տոննա սպիտակ սորտի խաղողը: Նա նաև ընդգծել է, որ ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին: Անդրադառնալով արտահանմանը վերաբերող հարցերին` Համլետ Թադևոսյանը նշել է, որ այս տարի այն անցնում է սահուն կերպով, իսկ ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

 

Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի «Գետնատուն» ընկերություն, որտեղ մթերման մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում, եղել է Գետափի գինու գործարանում: Այստեղ նախարարին տեղեկացրել են ֆինանսական որոշակի խնդիրների առկայության մասին, որոնց լուծման դեպքում անմիջապես կանցնեն մթերման աշխատանքներին:

 

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև «Հին Արենի» գինու գործարան: Տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` այստեղ մթերումները սկսվել են սեպտեմբերի 22-ից, այդ ընթացքում մթերվել է թե’ գործարանի և թե’ գյուղացիների մոտ 110 տոննա բերքը, վճարումներն իրականացվել են անմիջապես:

 

Նախարարի վերջին կանգառն Արենի գինու գործարանում էր, որտեղ մթերումները կսկսվեն երկու օրից:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել