Հայաստանը մասնակցեց Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում կազմակերպված «Աշխարհի գինիներ» փառատոնին
2015-09-29
Սեպտեմբերի 27-ին Հայաստանն, իբրև պատվավոր հյուր, մասնակցեց Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում 1996 թվականից ի վեր կազմակերպվող «Աշխարհի գինիներ» խորագրով ամենամյա փառատոնին:
Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Հայաստանից Շվեյցարիա բերված հայկական խաղողի չորս տեսակների որթատունկերը հանդիսավոր արարողությամբ տնկվեցին Ֆեշիի 11-րդ դարի եկեղեցու հարևանությամբ գտնվող
«Աշխարհի գինիներ» անունը կրող տնկիների այգում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Արգենտինայի, Իսպանիայի և այլ երկրների տնկիների կողքին:
Պաշտոնական արարողությանը բացման խոսքով հանդես եկան Ֆեշիի համայնքային խորհրդի ղեկավարը, փառատոնի նախագահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը:
«Խորհրդանշական է, որ, ինչպես Աստվածաշնչյան ավանդության, ըստ որի, Նոյը, Արարատի ստորոտում՝ Հայաստանում, տնկեց խաղողի առաջին որթատունկը, այնպես էլ հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ խաղողագործության և գինեգործության վեցհազարամյա բնօրրան համարվող Հայաստանից բերված որթատունկերը նորից հանգրվանում են շվեյցարական հյուրընկալ հողում՝ խաղաղություն, համերաշխություն, բազմազանություն խորհրդանշող այս այգում», – իր խոսքում նշեց Հասնիկ Տոլմաջյանը:
ֆեշիցիներին և Շվեյցարիայի տարբեր վայրերից ժամանած փառատոնի հյուրերին հայ երգարվեստն ու պարարվեստը ներկայացրեցին շվեյցարահայ համայնքի «Արաքս» երգչախումբն ու «Սանահին» պարախումբը:
Փառատոնի ընթացքում կազմակերպվեց Գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված հայկական շուրջ տասնյակ լավագույն գինիների ցուցադրություն և համտեսում, մատուցվեցին հայկական ուտեստներ:
Աղբյուրը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք