Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
2015-09-25
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից:
«Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Հիմնականում աշխատանքները չեն սկսվել Վայոց ձորի մարզում, որտեղ շաքարայնությունը դեռևս ցածր է. մթերման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 1-ից հետո: Երեկ ես եղել եմ Տավուշի մարզում, որտեղ նույնպես մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. 5 մթերող կազմակերպություններից 3-ը սկսել են մթերման աշխատանքները, 2-ն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կսկսեն: Իհարկե, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Պետք է ասել նաև, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, անցյալ տարվանից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է և ես համոզված եմ՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մենք մթերումները նորմալ անցկացնելու ենք: Պետք է ասեմ, որ այս տարի խաղողի ծավալն անցյալ տարվա համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել 30 տոկոսով: Մենք 15-20 տոկոսի կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է 300 հազար տոննայի կարգի խաղող: Անցյալ տարի մթերվել է 181 հազար տոննա, այս տարի կանխատեսվում է ավելի շատ մթերել: Առաջարկն ավելի է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտները մենք կհաղթահարենք Ձեր օգնությամբ և կկարողանանք հարցերին լուծում տալ»,-ասել է գյուղատնտեսություն նախարարը:
«Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է կառավարության ղեկավարը:
Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:
Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք