Գյուղատնտեսության աճը կազմել է 14.8 տոկոս. նախարարն ամփոփել է արդյունքները

2015-09-09

 1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին:

 

Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքները` նախարարը նշել է, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար, և պետական աջակցության ծրագրերի, ցանքատարածությունների ավելացման, արտադրության ինտենսիվության ավելացման ու ամենակարևորը` գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Նախարարը նաև ընդգծեց, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ:

 

ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ընդ որում բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6 %, իսկ անասնապահությունում` 4.2 %: Նշված ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145.4, իսկ անասնաբուծությանը` 183.0 մլրդ դրամ:

 

Նախարարը նշեց, որ բավարարվել է պետական օժանդակության ծրագրերով մարզպետարանների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ, այս տարի ավելացվել է նաև գյուղվարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը` այն կազմել է 6 տոկոս` հնարավորություն տալով գյուղացիական տնտեսություններին շուկայականից անհամեմատ ցածր` 8 տոկոսով վարկեր ձեռք բերել:

 

Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածու­թյուն­ների ընդլայնման և վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բար­ձրացման ուղղությամբ գրացված դրական արդյուքները: Նրա խոսքով` այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է 74.4 %` 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարա­ծություն­ները 2010-2014 թվականների ընթացքում ավելացել են շուրջ 50.0 հազ. հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Ցանքա­տարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 18.5 հազ. հեկտարով և կազմել 351.3 հազ. հեկտար՝ վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով 78.5 %-ի:

 

Ընդհանուր առմամբ, սերմնաբուծության, սերմ­ապահովության բնագավառում և գյուղա­­տնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացման ծրագրերը նպաստել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը և հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը: Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2014 թվականին գերա­զանցել են 2010 թվականի մակարդակը 81.0 %-ով, իսկ բերքատվությունը բարձրացավ շուրջ 54.0 %-ով: Ցորենի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացել են ավելի քան 84.0 %-ով, իսկ բերքատվությունը` 52.4 %-ով: Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 5.8 %-ով կամ 11.0 հազ. հեկտարով, իսկ ցորենի ցանքատարածությունների աճը կազմել է 4.7 %, կամ 5.0 հազ. հեկտար:

 

Բացի այդ այս տարի զգալիորեն` 9.4 %-ով կամ շուրջ 2.5 հազ. հեկտարով ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3 %-ով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3.0 %-ով կամ շուրջ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 3.2 հազ. հեկտարով կամ 4.1 %-ով` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 

Նախարարը հավելեց, որ 2015 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ներկայումս ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա, որից ապակեպատ` 270, թաղանթապատ` 500 հա: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, մինչև տարեվերջ Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն ևս շուրջ 40-50 հա արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ: 

 

Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացումը և անասնապահության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը պայմաններ ստեղծեցին անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: 2015 թվականի 7 ամիսներին անասնաբուծության համախառն արտա-դրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.2 %-ով և կազմել է 183.0 մլրդ դրամ: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի անցած ամիսներին շարունակվել է անասնագլխաքանակի ավելացման միտումը:

 

Մասնավորապես ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 3.6 %-ով և կազմել 775.0 հազ. գլուխ: Մանր եղջերավորների գլխաքանակի աճը գնահատվում է 7.2 % և կազմել է 981.0 հազ. գլուխ: Խոզերի գլխաքանակի աճը նշված ժամանակահատվածում ըստ օպերատիվ տվյալների գնահատվում է 11.4 % և կազմում է 185.0 հազ. գլուխ:

 

Գյուղնախարարը Սերգո Կարապետյանը հավաստիացրել է, որ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում հանրապետությունում մթերումներն ընթանում են սահուն: Սեպտեմբերի 9-ի դրությամբ գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 22 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազան­ցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.0 %-ով, իսկ պտղի մթերում­ների ծավալը կազմել է 11700.0 տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.7 անգամ:

 

Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը: Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալ­ները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 72.0 %-ով, իսկ 2014 թվականի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 18.0 %-ով (8550 տոննայով) ընդ որում, ծիրանի արտահանման ծավալները 11.8 անգամ (2014թ. արտահանվել է 1791.2 տոննա): Արտահանման գործընթացը շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա նկատ­մամբ ծավալների կրկնապատկման համար:

 

2015 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 55 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 29130 տոննա պտուղ, որից՝ 21250 տոննա ծիրան, 2204 տոննա կեռաս, ինչպես նաև 2500 տոննա խաղող, 18246.0 տոննա բանջարեղեն և 4893 տոննա կարտոֆիլ:

 

Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը, արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 %-ը, 2014 թվականի նույն ժամանակա­հատվածի 32.9 %-ի դիմաց:

 

Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում նույնպես ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է շուրջ 5000 գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3400 տոննա:

 

Ամփոփելով խոսքը` Նախարարը հավաստիացրել է, որ առկա են բոլոր նախադրյալները 2015 թվականը բարձր ցուցանիշերով եզրափակելու համար:

 

Տեղեկանք ՀՀ գյուղատնտեսության 2015 թվականի հունվար-հուլիս ամիսների արդյունքների մասին

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել