Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանրապետության ամենախոշոր սպանդանոցը
2015-09-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, այլ հյուրեր և պաշտոնատար անձինք:
Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:
Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է սպանդանոցի կառուցման կարևորությունը Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացման համար:
«Այսօր շահագործման հանձնվեց հանարապետությունում ամենախոշոր սպանդանոցը, որի շահագործմամբ հնարավոր կդառնա մեծացնել դեպի հարևան երկիր հատկապես ոչխարի մսի արտահանման ծավալները, ինչը կնպաստի մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանման խնդրի լուծմանը:
Նախարարն իր խոսքում կարևորել է նաև խելամիտ գնի սահմանման անհրաժեշտությունը, որը երկուստեք շահավետ կլինի։
Ավարտելով իր խոսքը` նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հնարավորինս կաջակցի նորակառույց սպանդանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման հարցում:
Ընկերության համասեփականատեր Արմոնդ Հախվերդյանն իր հերթին նշել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի նաև աշխատանքային մեկ հերթափոխում մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորություն ունեցող հոսքագիծը:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ելույթում ընդգծել է, որ հայկական մսամթերքն իր համային բարձր հատկանիշների շնորհիվ իրանական շուկայում ունի մեծ պահանջարկ, և սպանդանոցի բացումը թույլ կտա Հայաստանից արտահանել որակյալ մսամթերք: Դեսպանը չի բացառել, որ հետագայում Հայաստանի այլ մարզերում հնարավոր է հիմնվեն նույն եղանակով մորթ իրականացնող այլ սպանդանոցներ:
Մինչ այժմ Մասիսի սպանդանոցում փորձնական մորթի են ենթարկվել հանրապետության տարբեր մարզերից, առավելապես Սյունիքից ներկրված ավելի քան 700 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին