ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ
2015-08-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Բազմաղբյուր և Կարբի համայնքներում գտնվող «Վարգա ֆուդ» և «Կարբի ֆրուտ» նորաբաց ընկերություններ, որոնք զբաղվում են պտուղ-բանջարեղենի պահածոյացմամբ և չրերի արտադրությամբ:
«Վարգա ֆուդի» տնօրեն Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունը վերջերս է հիմնադրվել է, այժմ ունի 40 աշխատատեղ և առկա են նախադրյալներ գործունեությունն ընդլայնելու համար: Նախատեսվում է պատրաստի արտադրանքը արտահանել ռուսական շուկա: Այս պահին արդեն իսկ մթերել են կեռաս և ազնվամորի, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում նախատեսում են մթերել ավելի քան 150.0 տոննա պտուղբանջարեղեն:
«Կարբի ֆրուտ» տնօրենի խոսքով` ընկերությունն անցյալ տարի է ստեղծվել, ընկերության արտադրանքը նախատեսում են մասամբ իրացնել տեղական, և մասամբ էլ` ռուսաստանյան շուկայում:
Ողջունելով նոր վերամշակող ընկերություններ ստեղծելու նախաձեռնությունները` նախարարը վստահություն հայտնեց, որ ընկերությունների հիմնումը թույլ կտա լուծել գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը:
Այցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Կարբի համայնքի խնձորի այգիներում, որտեղ այգետերերը հավաստիացրեցին, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի առատ բերք են ակնկալում: Գյուղացիները նախարարի հետ զրույցում կարևորեցին ոռոգման ջրի, ինչպես նաև բուժանյութերի որակի ապահովման հարցերը: Նախարարը հանձնարարեց մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենին նախարարության միջոցներով ապահովել բուժանյութերի լաբորատոր փորձաքննությունը:
Այնուհետև նախարարն ուղևորվեց դեպի Հնաբերդ համայնք` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի իրականացման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարին տեղեկացրեցին, որ Հնաբերդ համայնքում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր:
Ողջունելով այս նախաձեռնությունը` նախարարն առանձնահատուկ կարևորել է կոոպերատիվների բոլոր անդամների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում` աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:
«Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն ու զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է, և պետությունը պատրաստ է իր կողմից աջակցություն ցուցաբերել գյուղացիներին միավորման և կոոպերատիվների ստեղծման խնդրում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ և տեղադրել 2 խմոց, շուրջ՝ 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ծրագրի շրջանակում համայնքին արդեն իսկ հատկացվել է 12 անուն գյուղտեխնիկա, այդ թվում` 2 տարկտոր, ինչը կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները:
Համայնքապետի տեղեկացմամբ` պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ Հնաբերդում զգալիորեն ավելացել են հացահատիկի և ընդհանուր ցանքատարածությունները:
Նշելով, որ Հնաբերդ համայնքն անասնապահական ուղղվածություն ունի` նախարարը հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես մթերատվության բարձրացման վրա` այս համատեքստում կարևորելով արհեստական սերմնավորման կիրառումը:
Ընդհանուր առմամբ, CARMAC ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում, նախատեսվում է երկրորդ ծրագրում ևս 12 համայնք ընդգրկել: Ծրագրի շրջանակում մարզի 11 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 132 միավոր գյուղատնետեսական տեխնիկա, այդ թվում 26 միավոր տրակտոր:
«Մարզում այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավել հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,- ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը մթերումների գործընթացի սահուն կազմակերպումն է: Արդեն սկսվել է լոլիկի մթերումը, և պետությունը պատրաստակամ է օժանդակել վերամշակող ընկերություններին մթերման աշխատանքների կազմակերպման հարցում:
Այցի ավարտին նախարարը եղել է նաև համայնքի ցորենի ցանքատարածություններում, որտեղ բերքահավաքի աշխատանքներ էին իրականացվում: Գյուղացիների հավաստմամբ` անգամ անջրդի տարածքում ակնկալում են շուրջ 33 -40 ց/ հա բերք ստանալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին