ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեցին խաղողագործության զարգացման հեռանկարները

2015-08-10

20150810_140648 - CopyՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` հանրապետությունում խաղողագործության զարգացման հարցերը քննարկելու նպատակով:

 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականներ, գիտական կազմակերպությունների մասնագետներ և ընկերությունների ղեկավարներ։

 

Նախարարը տեղեկացրեց ներկաներին, որ հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա ապահովել խաղողագործության ճյուղի հետագա կայուն զարգացումը:

 

«Խաղողագործության զարգացումը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի, և մենք պետք է համախմբենք հանրապետության ողջ մասնագիտական ներուժն այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,-իր խոսքում նշեց նախարար Կարապետյանը:

 

 Նախարարը հավելեց, որ այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ֆիլոքսերա վնասատուի առկայության պայմաններում խաղողագործության ռազմավարության մշակմամբ, ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ:

 

Ռազմավարությունը պետք է ընդգրկի ոլորտի զարգացման 10 տարիների տեսլականը` ներկայացնելով ըստ քայլերի հաջորդականության իրականացվելիք միջոցառումները` պետական խիստ վերահսկողության ներքո:

 

Նախարարը հատկապես կարևորեց կոնյակագործության, գինեգործության և սեղանի սորտերի դասակարգման, գյուղացիական տնտեսություններին ֆիլոքսերազերծ տնկիներով ապահովելու հարցերը:

 

Նախարարի խոսքով` պետության ուշադրության կենտրոնում է գտնվում խաղողի գենետիկական հայկական սորտերի պահպանման խնդիրը: Այդ նպատակով առաջիկայում մոտ 5 հեկտար տարածության վրա կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել