ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումները

2015-08-06

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  ընդունել է Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշին, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրավերով «Խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը Հայաստանում» ծրագրի  շրջանակում:

 

«Խաղողագործության զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար: Համոզված եմ, որ որպես ոլորտի բարձրակարգ և հմուտ մասնագետ Ձեր փորձառությամբ կարող եք մեծ աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման հարցում», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար` Լասլո Կոչիշը նշել է, որ նախկինում արդեն այցելել է Հայաստան` խաղողի այգիներում ֆիլոքսերայի մոնիթորինգի իրականացման և հայ մասնագետներին խորհրդատվություն տրամադրելու և ուսուցում իրականացնելու նպատակով: Իր խոսքում պրոֆեսորը նաև հավելել է, որ խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում և այժմ ամենուր այդ վնասատուի դեմ պայքար է տարվում:

 

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կոչիշը նախարարին մանրամասն ներկայացրել է իր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց անհրաժեշտ է արգելել վարակված երկրներից արմատակալների ներմուծումը, կիրառել միայն ֆիլոքսերազերծ սորտեր, որոնց արտադրությունը պետք է կազմակերպել հանրապետությունում` պետական խիստ վերահսկողության ներքո: Կարևորվեց նաև համապատասխան մասնագետների միջոցով ֆիլոքսերայի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը հայ խաղողագործների շրջանում: 

 

 Հանդիպման շրջանակում անդրադարձ եղավ նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հաստատված ծրագրով խաղողի կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել